ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքով՝ Սուդանի Էլ Ֆաշեր քաղաքում (Հյուսիսային Դարֆուր նահանգի մայրաքաղաք), որը գրավվել է Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈւ) կողմից, մարդասիրական իրավիճակը օրեցօր վատթարանում է։
«Արդեն ավելի քան 18 ամիս է, ինչ Էլ-Ֆաշերը և Հյուսիսային Դարֆուրի հարակից շրջանները մնում են որպես տառապանքի, սովի, բռնության և մարդկանց զանգվածային տեղահանման էպիկենտրոն։ Անցյալ շաբաթ Արագ արձագանքման ուժերը մտան Էլ-Ֆաշեր, ինչից հետո իրավիճակն օրեցօր վատթարանում է», - ասել է նա լրագրողներին՝ Դոհայում կայացած ՄԱԿ-ի Սոցիալական զարգացման գագաթնաժողովի շրջանակներում։ «Հարյուր հազարավոր քաղաքացիական անձինք հայտնվել են թակարդում։ Մարդիկ մահանում են թերսնուցումից, հիվանդություններից և բռնությունից»։
«Գուտերեշի խոսքով՝ ՄԱԿ-ն արձանագրում է «գենդերային և էթնիկ բռնության սարսափելի դեպքեր» և քաղաքի գրավումից հետո շարունակում է «վստահելի տեղեկություններ ստանալ զանգվածային մահապատիժների մասին»։ Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունն ու ռազմական գործողությունները, ապահովել մարդասիրական օգնության անարգել առաքումը հակամարտության գոտիներ, ինչպես նաև կասեցնել «զենքի և զինյալների հոսքը» դեպի Սուդան։
Էլ Ֆաշերը պաշարման մեջ է եղել մոտ մեկուկես տարի։ Այն գրավվել է ուժերի կողմից հոկտեմբերի 26-ին։ Մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները խորը մտահոգություն են հայտնել քաղաքի գրավման ընթացքում Արագ արձագանքման ուժերի կողմից իրականացվող գործողությունների, մասնավորապես՝ խաղաղ բնակիչների սպանությունների, այդ թվում՝ էթնիկ հողի վրա կատարված սպանությունների վերաբերյալ։ Սուդանի բժիշկների միությունը պնդում է, որ սպանվել է առնվազն 2000 մարդ, որոնցից մի քանիսը ողջ-ողջ են այրվել։ Հինգ օրվա ընթացքում առնվազն 36000 մարդ է փախել Էլ Ֆաշերից։
«Սուդանում իրավիճակը սրվել է 2023 թվականի ապրիլին՝ Իշխանության Գերագույն խորհրդի (ժամանակավոր ղեկավար մարմին) նախագահ, բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի և ԱԱՈի-ի ղեկավար Մուհամեդ Համդան Դագալոյի միջև առկա տարաձայնությունների պատճառով։ Խարթումում բռնկված բախումները արագորեն տարածվել են երկրի այլ շրջաններ։ Փորձագետների գնահատմամբ՝ կոնֆլիկտի հետևանքով զոհվել է առնվազն 40 հազար մարդ, մոտ 12 միլիոն սուդանցի ստիպված է եղել լքել իրենց տները, նրանցից շատերը հայտնվել են սովի շեմին։»





























