ԱՄՆ-ն կարող է Նիգերիայում գտնվող իսլամիստ զինյալների դեմ մի շարք թիրախային անօդաչու թռչող սարքերով հարվածներ իրականացնել, հաղորդում է CNBC-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ հնարավոր ամերիկյան հարվածները դեռևս «քննարկվում են»։
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին, իր հերթին, հաստատել է, որ «Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, նրա հանձնարարությամբ, հնարավոր գործողությունների տարբերակներ է պատրաստում՝ Նիգերիայում քրիստոնյաների սպանությունները» դադարեցնելու համար և առաջարկել է կոնկրետ միջոցառումների վերաբերյալ սպասել նախագահի հայտարարություններին։
Նոյեմբերի 3-ին Թրամփը լրագրողների հետ զրույցում հավանական է համարել, որ ամերիկյան զորքերը կարող են մասնակցել Նիգերիայում իրականացվող գործողությանը՝ «մեծ քանակությամբ քրիստոնյաների սպանությունների» պատճառով։ Նոյեմբերի 1-ին նա հայտարարել էր, որ հանձնարարել է Պենտագոնին պոտենցիալ ուժային միջոցներ պատրաստել Նիգերիայում գործող «իսլամական ահաբեկիչների» դեմ՝ քրիստոնյաներին պաշտպանելու նպատակով։ Ավելի վաղ նա հանդես էր եկել այն պնդմամբ, որ Նիգերիայի քրիստոնյաներին էքզիստենցիալ սպառնալիք է սպասում և խոստացել էր պաշտպանել նրանց։
Նիգերիայի նախագահ Բոլա Թինուբուն մերժել է ամերիկացի առաջնորդի կողմից առաջադրված մեղադրանքները։ Նա հայտարարել է, որ Նիգերիային՝ որպես կրոնական անհանդուրժողականության երկրի բնութագրումը, չի համապատասխանում պետության կյանքի իրողություններին և «հաշվի չի առնում երկրի կառավարության հետևողական և անկեղծ ջանքերը՝ բոլոր նիգերիացիների համար դավանանքի և խղճի ազատությունն ապահովելու ուղղությամբ»։ Նրա խոսքով՝ Աբուջան բաց և ակտիվ երկխոսություն է պահպանում քրիստոնյա և մահմեդական առաջնորդների հետ և շարունակում է ուժեղացնել անվտանգությունը բոլոր բնակիչների համար՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից և բնակության վայրից։




























