Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը դրոնների դեմ պայքարի 500 մլն եվրո արժողությամբ նախագիծ է ներկայացրել կառավարություն՝ երկրի առաջատար ԶԼՄ-ներում «անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի» մասին լայնածավալ արշավի ֆոնին։ Արշավը նրա նախաձեռնությունն է եղել։ Այս մասին հայտնել է DH (Derniere heure) թերթը։
Թերթը նշում է, որ Պաշտպանության նախարարը կառավարություն է ներկայացրել դրոնների դեմ պայքարի 500 միլիոն եվրոյի ծավալով ծրագիր։ Առաջին փուլը, որը գնահատվում է 50 միլիոն եվրո, նախատեսում է «CUAS (Counter Unmanned Aircraft Systems) միջոցների» շտապ գնում, ինչը ՆԱՏՕ-ի տերմինաբանությամբ ներառում է անօդաչուների դեմ պայքարի միջոցների ողջ սպեկտրը՝ հայտնաբերման, ուղեկցման, էլեկտրոնային հակազդման, ոչնչացման, ինչպես նաև դրոնների օպերատորների մոնիթորինգի և հայտնաբերման միջոցները։ Բացի այդ, նախագիծը նախատեսում է թագավորության կրիտիկական օբյեկտների մոտ անօդաչու թռչող սարքեր հայտնաբերելու դեպքում երկրի բանակի և ոստիկանության ծանուցման միասնական արձանագրության շտապ գործարկում։
Երկրորդ փուլը ներառում է անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման համակարգերի տեղակայումը ողջ երկրի տարածքում և տրիանգուլյացիոն համակարգերի տեղակայումը՝ այդ անօդաչու թռչող սարքերի օպերատորներին գտնելու համար։
Չնայած Բելգիայում հասունացող կառավարական ճգնաժամին՝ կապված իշխող կոալիցիայի՝ 2026 թվականի բյուջեի շուրջ համաձայնության չգալու հետ, որի լրացման համար նախարարներն արդեն մի քանի ամիս չեն կարողանում գտնել մոտ 10 մլրդ եվրո (տնտեսության ռազմականացման ծրագրերը գործարկելու համար)՝ Ֆրանկենի հակադրոնային պլանը ամենայն հավանականությամբ կընդունվի։





























