«3-ամյա Տիգրանի քրոջ և եղբայրների հետ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոնում» կաշխատեն հոգեբանը և տարբեր այլ մասնագետներ։ Աշխատում ենք այնպես, ինչպես աշխատում ենք տրավմա տարած մյուս երեխաների հետ»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՕՖ «Երեխաների պաշտպանության կենտրոնի» տնօրեն Միրա Անտոնյանը։

Հարցին՝ լոգոպետներ ներառվա՞ծ են երեխաների հետ աշխատանքում, Միրա Անտոնյանը պատասխանեց.

«Երեխաները երեկ երեկոյան են եկել։ Նրանք ժամանակի կարիք ունեն հարմարվելու. ադապտացիոն պրոցեսը կանցնեն, հետո նոր կսկսվեն մյուս մասնագետների հետ աշխատանքները։ Ամեն ինչ դեռ պլանավորման փուլում է։ Դեռ ուսումնասիրություն ենք իրականացնում։ Այս պահին երեխաներին հանգիստ է պետք։ Հետո պետք է հասկանանք՝ ինչ կարիքներ ունեն, և որ կարիքը, ինչպես ենք կարողանում բավարարել՝ մե՞ր ուժերով, թե՞ դրսից մարդկանց ներգրավման կարիք կունենանք, արդյո՞ք մեր կենտրոնը ճիշտ տեղ է նրանց համար, թե եթե խոսքը հաշմանդամության մասին է, ավելի մասնագիտացված կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն կա»։

Հարցին՝ որքա՞ն ժամանակ երեխաները կմնան կենտրոնում, ՀՕՖ «Երեխաների պաշտպանության կենտրոնի» տնօրենը պատասխանեց.

«Դժվար է հստակ ժամկետ նշել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կանցնեն այդ պրոցեսը։ Որոշ երեխաներ շուտ են հարմարվում, որոշ երեխաների համար ավելի շատ ժամանակ է հարկավոր»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու երեք եղբայրները երեկ երեկոյան տեղափոխվել են ՀՕՖ «Երեխաների պաշտպանության կենտրոն»։