Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը թույլատրել է իր եղբորը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորին, որին զրկել են «արքայազնի» տիտղոսից, պահպանել իր ռազմական մեդալը՝ 1982 թվականին Արգենտինայի դեմ Ֆոլկլենդյան կղզիների պատերազմում ունեցած դերի համար: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատին:

Նոյեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին «BBC» հեռարձակող կորպորացիային տված հարցազրույցում հայտարարել է, որ Մաունթբեթեն-Վինձորը զրկվելու է Թագավորական ռազմածովային ուժերի փոխծովակալի կոչումից՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի հետ ունեցած կապերի պատճառով։ Միևնույն ժամանակ, նա հստակեցրել է, որ օրակարգում դեևս չկա նախկին արքայազնին զինվորական պարգևներից զրկելու հարցը։ Հիլին հավելել է, որ պաշտպանական գերատեսչությունը առաջնորդվելու է Չարլզ III-ի ցուցումներով։

Ըստ The Daily Telegraph-ի տեղեկությունների, Բուքինգհեմյան պալատը թույլ է տալիս Մաունթբեթեն-Վինձորին պահպանել մարտական ծառայության բոլոր մեդալները, ներառյալ Հարավատլանտյան մեդալը, որը շնորհվում էր Ֆոլքլենդյան պատերազմի մասնակիցներին։ Ընդհանուր առմամբ, շնորհվել է մոտ 33 հազար նման պարգև։

Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի միջև պատերազմը բռնկվել է 1982 թվականի ապրիլին՝ Ֆոլքլենդյան կղզիների պատճառով, որոնք գտնվում են Ատլանտյան օվկիանոսի հարավարևմտյան մասում և շուրջ երկու դար է, ինչ երկրների միջև տարածքային վեճի առարկա են։ Հարավամերիկյան հանրապետությունը պարտություն է կրել՝ երկուսուկես ամիս տևած մարտական գործողությունների ընթացքում կորցնելով 649 զինծառայող։ Բրիտանական կողմի կորուստները կազմել են 255 մարդ։

Արքայազն Էնդրյուն մասնակցել է մարտական գործողություններին՝ որպես Մեծ Բրիտանիայի ՌԾՈւ կազմում գործող Sea King ուղղաթիռի երկրորդ օդաչու, թռիչքներ իրականացնելով HMS Invincible ավիակրից։ Հայրենիք վերադառնալիս 22-ամյա կրտսեր լեյտենանտին դիմավորել է նրա մայրը՝ թագուհի Եղիսաբեթ II-ը։ Բոլոր պարգևատրվածների միայն 10%-ն են (ներառյալ արքայազն Էնդրյուն) ստացել ժապավենի վրա վարդով մեդալ, որը հանձնվում էր մարտական գործողությունների անմիջական մասնակիցներին։

Ըստ The Daily Telegraph-ի, հարցված բրիտանացի վետերանները համաձայնել են Չարլզ III-ի որոշմանը՝ Մաունթբեթեն-Վինձորի համար մեդալները պահպանելու վերաբերյալ։ «Նա բազմաթիվ առումներով կորցրել է այն արժանիքները, հարգանքն ու պատիվը, որոնք ուներ նախկինում։ Բայց որքան էլ վրիժառու և դաժան մարդ լինեք և ինչպես էլ որ խաղաք հանրության առաջ, միակ բանը, որ հնարավոր չէ նրանից խլել, դա նրա կյանքի այն պահն է, երբ նա իրեն դրսևորել է արժանապատիվ, ազնիվ և քաջարի կողմից»,- հայտարարել է Ֆոլքլենդյան պատերազմի մասնակից Սայմոն Ուեսթոնը։

2019 թվականին արքայազն Էնդրյուն ստիպված է եղել հրաժարվել Թագավորական ընտանիքի անդամի պաշտոնական պարտականությունները կատարելուց՝ Էփշթեյնի գործով պայմանավորված սկանդալի պատճառով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեն նրա դեմ մեղադրանքներ է ներկայացրել՝ հայտարարելով, որ նա այն մի քանի տղամարդկանցից էր, ում հետ իրեն 17 տարեկանում ստիպել են սեռական հարաբերություններ ունենալ։

2022 թվականին Եղիսաբեթ II-ի որոշմամբ արքայազնը զրկվել է պատվավոր զինվորական կոչումներից և մի շարք հասարակական կազմակերպությունների հովանավորի դերից։ Հոկտեմբերի 17-ին արքայազն Էնդրյուն հայտարարել է, որ կդադարի օգտագործել Յորքի դուքսի տիտղոսը։ Հոկտեմբերի 30-ին Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ Էնդրյուն զրկվելու է «արքայազն» տիտղոսից, որը նրան ի ծնե է տրվել։