Նախագծով նախատեսվում է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի պատշաճ կատարման , ինչպես նաև դպրոցների արագ արձագանքման ֆոնդի համալրման և «Հայաստանի տարածքային զարգացման» հիմնադրամի կարողությունների բարելավման համար 2025 թ. բյուջեում կատարել վերաբաշխում 1 մլրդ 855 մլն դրամով, որից 500 մլն-ը կառավարության պահուստային ֆոնդից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6–ին, Կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ զեկուցելով Հանրակրթական օբյեկտների շինարարության և գույքի ձեռքբերման ֆինանսավորման մասին որոշումը։
Նրա խոսքով՝ ծրագրի ճշտված բյուջեն 125.4 մլրդ դրամ է, նախագծով հատկացվում է 1.7 մլրդ դրամ, որն ուղղվելու է 4 մանկապարտեզի կառուցման հիմնանորոգման աշխատանքների կազմակերպման նպատակներին և 16 մանկապարտեզների գույքով ապահովմանը։
Մարտիրոսյանը նշեց, որ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի այս ծրագրում աշխատանքներ են տարվել ու տարվում 357 դպրոցներում, իսկ 2026 թվականի բյուջեով այդ նպատակի համար միջոցները հասել է 150 մլրդ դրամի։ Նրա խոսքով՝ ծրագրով արդեն 60 դպրոցում ավարտված են աշխատանքները, ևս 258 դպրոցում աշխատանքները շարունակվում են, մինչև տարավերջ կավարտվի ևս 50 դպրոցի շինարարություն, 2026 թվականի սեպտեմբերի 1-ին՝ 151 դպրոց կավարտվի, իսկ մինչև տարեվերջ ևս 47-ը։
«2026 թվականի տարեվերջի դրությամբ ծրագրով կառուցվածի ընդհանուր թիվը կկազմի 308, որից 139-ը՝ կառուցված և 169-ը՝ կապիտալ նորոգված»։
Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց բոլոր մանկապարտեզները, որոնց համար հատկացում է կատարվում։
Նա նաև նշեց, որ դպրոցներում նոր գնված գույքը կամ չի օգտագործվում և փաթեթավորված մնում է կամ՝ ոչ նպատակային և սխալ է օգտագործվում։
«Մեր Իջևանի տանը սերվիս կա դրած, որը ես ծնված օրվանից հիշում եմ, բայց մենք ոչ մի անգամ չենք օգտագործել, էդ պահարանում դրված է»,- օրինակ բերեց Փաշինյանը և տարակուսեց, թե չօգտագործելու մշակույթը որտեղից է գալիս։ Նա հորդորեց դպրոցի տնօրեններին պարտադրել, որ նոր գույքը օգտագործեն, այլ ոչ թե պահեն կառավարության ներկայացուցիչների լուսանկարվելու համար։
Փաշինյանը նույնիսկ նշեց` եթե անգամ լաբորատոր փորձարկումների ժամանակ, օրինակ, կոլբան կոտրվի, ոչինչ, կարևորը` դա միտումնավոր չարվի, միայն թե տվյալ գույքն օգտագործվի։




























