Մեր մարզային այցերի ընթացքում տեղի ունեցած դիտարկումների արդյունքում ենք որոշում կայացրել, որ մենք բոլոր մանկապարտեզները և դպրոցները պետք է ապահովենք նոր գույքով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ իմ դիտարկումները կիսել՝ կապված դպրոցներում գույքի օգտագործման որակի հետ: Գիտեք, ես շատ կարևոր եմ համարում, որ ինչ ասում եմ, ճիշտ ընկալվի. չընկալվի որպես մեղադրանք, նեգատիվ ինչ-որ բան, ընկալվի որպես մեր օրակարգի հարց, որը մենք պարտավոր ենք խոսել, հասցեագրել, լուծել։
Գիտեք, որ մենք բոլոր նորակառույց և հիմնանորոգվող դպրոցները ապահովում ենք նոր գույքով: Ես մասնավորապես ուզում եմ կենտրոնանալ մարզական գույքի, լաբորատոր գույքի, լաբորատորիաների վրա. քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն: Ես մտահոգություն ունեմ հետևյալի հետ կապված, թե ինչքանով է այդ գույքը որակով օգտագործվում, ինչքանով է դա նպաստում կրթական պրոցեսի զարգացմանը:
Ես այնպիսի դեպքերի եմ ականատես լինում,- որտեղ դա տեսել եմ, խնդրում եմ՝ սա չընկալեն որպես մեղադրանք կամ չնեղվեն, ես ուզում եմ կիսվել հրապարակային,- գնալու եմ, նույն բանը շարունակաբար ամեն տեղ տեսնելու եմ: Ես մտնում եմ նորակառույց դպրոց, բոլոր հնարավոր գույքերը դրված են, մտնում եմ մարզական դահլիճ, տեսնում եմ՝ թենիսի սեղանը դրված է բասկետբոլի վահանակի տակ...
Ասում եմ՝ հարգելիներս, ինչո՞ւ եք այստեղ դրել. հասկացա՝ թենիս կխաղան երեխաները, բա բասկետբոլ ո՞նց են խաղալու: Մտնում ենք սպորտային դահլիճ, տեսնում ենք, այդ թվում, մեծ գույքեր կան. դրված է կենտրոնում: Մի անգամ գնում ես, տեսնում ես՝ դրված է, ասում ես՝ երևի այդ դասն է, երկրորդ անգամ գնում ես, տեսնում ես՝ նույն տեղում դրված է, երրորդ անգամ ես գնում, տեսնում ես՝ նույն տեղը դրված է:
Լաբորատորիաների հետ կապված՝ մենք հիմա քիմիայի լաբորատորաներում նաև սպիտակ խալաթներ ենք տալիս: Սկզբից տեսնում եմ՝ փաթեթների մեջ դրած է, ասում եմ՝ բա ինչո՞ւ է փաթեթի մեջ դրած, հաջորդ տեղը գնում եմ, հանած է, բայց էլի օգտագործած չէ: Այստեղ ես խնդիր եմ տեսնում»,- նշեց վարչապետը:
«Այսօր խոսել եմ նախարարի հետ. մեզ մոտ գոյություն ունեն, այդ թվում, դասալսումների ինստիտուտներ, և մենք, մասնավորապես հիմա, որտեղ հարցը սուր դրված է կրթական գույքի մասով, մենք, այսօրվանից սկսած, շարունակաբար, պատահականության սկզբունքով, չեմ ասում՝ բոլոր տեղերը, հատկապես նորակառույց դպրոցներում պետք է դասալսումներ անենք. մենք պետք է գնանք չնախատեսված մտնենք քիմիայի դասին, տեսնենք՝ լաբորատոր գույքն օգտագործվո՞ւմ է, թե՞ չէ: Ծրագրով կտեսնենք՝ այդ օրը ինչ դաս է նախատեսված, ֆիզկուլտուրայի գույքը պատշաճ օգտագործվո՞ւմ է, թե՞ ոչ. ֆիզիկայի լաբորատորիան, կենսաբանություն, աշխարհագրություն, և այլն, և այդպես շարունակ: Պետք է տեսնենք՝ այնտեղ էլեկտրական սալիկներ կա՞ն. գույք կա՞, որը շատ կարևոր է. այդ սալիկների վրա կարելի է սուրճ եփել, կարելի է դաս անել: Ես չեմ բացառում. սուրճ էլ թող եփեն. բայց դասը պարտադիր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:




























