Նիգերիան չի ցանկանում դառնալ հաջորդ Լիբիան կամ նոր Սուդանը՝ քաղաքացիական պատերազմով մասնատված երկրներ։ Այս մասին հայտարարել է Նիգերիայի ԱԳ նախարար Յուսուֆ Թուգգարը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը արևմտաաֆրիկյան այդ երկրի քրիստոնյաների հասցեին ուղղված «էքզիստենցիալ սպառնալիքի» մասին։

«Մենք չենք ցանկանում դառնալ հաջորդ Լիբիան, չենք ցանկանում լինել հաջորդ Սուդանը։ Նիգերիան անդունդի եզրին հասցնելը աշխարհի մնացած մասի շահերից չի բխում»,- ասել է նախարարը, որի խոսքերը մեջբերում է «The New York Times» թերթը։

Թուգգարը կոչ է արել Վաշինգտոնին աջակցություն ցուցաբերել Նիգերիային՝ «մասնատելու [նրա հասարակությունը] և [նրան] անկայուն պետության վերածելու» փոխարեն։

Նոյեմբերի 5-ին Նիգերիայի տեղեկատվության նախարար Մուհամմադ Իդրիսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի կողմից Նիգերիայի հասցեին քրիստոնյաների ցեղասպանության վերաբերյալ ներկայացված մեղադրանքները լոբբիստների ջանքերի հետևանք են։ Նրա խոսքով, ԱՄՆ իշխանությունները եկել են սխալ եզրակացությունների, քանի որ հիմնվել են ոչ հավաստի տեղեկատվության վրա։

Նոյեմբերի 1-ին Թրամփը հայտարարել է, որ Պենտագոնին հանձնարարել է հնարավոր ուժային միջոցառումներ նախապատրաստել Նիգերիայում «իսլամիստ ահաբեկիչների» դեմ՝ քրիստոնյաներին պաշտպանելու համար։