Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք կառաջադրվի կառավարությունը տապալելու կոչերի համար, ասվում է հանրապետության գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է. «Ձեռք բերված ապացույցների վրա հիմնված քննության արդյունքում Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք կառաջադրվի Վրաստանի Քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով՝ Վրաստանի սահմանադրական կարգը բռնի ճանապարհով փոփոխելու կամ պետական իշխանությունը տապալելու կոչեր կատարելու փաստով։ Զուրաբ Գիրչի Ջափարիձեին և Գեորգի Վաշաձեին մեղադրանք կառաջադրվի Վրաստանի Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի առաջին մասով և 319-րդ հոդվածով՝ դիվերսիայի և թշնամական գործունեության մեջ օտարերկրյա պետություններին աջակցելու համար։ Ելենա Խոշտարիային մեղադրանք կառաջադրվի Վրաստանի Քրեական օրենսգրքի 318-րդ, 319-րդ և 321-րդ հոդվածի առաջին մասով՝ դիվերսիայի, այդ հանցագործության համար նյութական ռեսուրսներ տրամադրելու և թշնամական գործունեության մեջ օտարերկրյա պետությանը աջակցելու փաստով։ Նիկա Գվարամիային, Նիկանոր Մելիային, Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին մեղադրանք կառաջադրվի Վրաստանի Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով՝ դիվերսիայի փաստով»։