Հյուսիսային Կորեան ուրբաթ Ճապոնական ծովի ուղղությամբ առնվազն մեկ չճանաչված բալիստիկ հրթիռ է արձակել, հաղորդել է «Ռյոնհափը»՝ հղում կատարելով Հարավային Կորեայի զինվորականներին։

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի հնարավոր արձակման մասին։

Ճապոնիայի ափային պահպանությունը, հղում կատարելով պաշտպանության նախարարությանը, նաեւ պարզաբանել է, որ «կասկածելի բալիստիկ հրթիռը, հավանաբար, արդեն ընկել է» եւ կոչ է արել ծովում գտնվող նավերին ուշադիր հետեւել ստացվող տեղեկատվությանը։

Հյուսիսային Կորեան վերջին անգամ կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել հյուսիսարեւելյան ուղղությամբ հոկտեմբերի 22-ին՝ Հարավային Կորեայում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովից եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկիր այցից առաջ, հիշեցրել է գործակալությունը։