2012 թվականի հունվար ամսվա նպաստների վճարման գործընթացը կիրականացվի փետրվարի 1-ից: Այս մասին NEWS am-ի թղթակցին վստահեցրել է Գյումրի թիվ 1 սոցծառայության նպաստների բաժնի պետ Ռաֆիկ Քոթանջյանը:
Նշենք, որ մի քանի օր շարունակ գյումրեցի նպաստառուները բողոքում էին, թե հունվարի նպաստները չեն վճարվել, ինչի պատճառով շատերի տնակները հոսանքազրկվել են: Ուշացման պատճառը ըստ Ռաֆիկ Քոթանջյանի, փաստաթղթերի ուսումնասիրման հետ էր կապված: Նրա խոքով, համապատասխան պայմանագիրը «Հայփոստի» եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հետ կնքվել է:
Նշենք, որ սոցիալական նպաստների վճարումը կատարվում էր յուրաքանչյուր ամսվա 20-22-ն ընկած ժամանակահատվածում: Անդրադառնալով ոլորտում կատարված բարեփոխումներին, Ռաֆիկ Քոթանջյանը նշել է, թե կառավարության համապատասխան որոշմամբ, քաղաքացիներից այլեւս չի պահանջվում ներկայացնել տեղեկանք անձնագրային վարչություններից եւ անասնաբուժական տեսչություններից: Հարցում կատարում է տվյալ սոցիալական ծառայությունը:




























