ԱՄՆ-ում դաշնային աշխատակիցները բողոքի ցույց են կազմակերպել Ֆինիքս Սքայ Հարբորի միջազգային օդանավակայանի դիմաց՝ կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով ավելի քան մեկ ամիս անվճար աշխատելուց հետո, հայտնում է CNN-ը։

Դաշնային քաղաքացիական ավիացիայի վարչության աշխատակիցները, ներառյալ տեսուչները, տեխնիկները և այլ մասնագետներ, հավաքվել էին՝ բարձրացնելու իրազեկությունը այն մասին, թե ինչպես է չվարձատրվող աշխատանքն ազդել իրենց կյանքի վրա։

Բացի այն, որ նրանցից ոմանք դժվարությամբ են կարողանում կերակրել իրենց ընտանիքները, աշխատակիցները զգուշացրել են, որ իրավիճակը շուտով կարող է վտանգավոր դառնալ օդային ճանապարհորդությունների համար։

«Ինչ-որ պահի մարդիկ կդադարեն աշխատանքի գալ… Սարքավորումները վաղ թե ուշ շարքից դուրս կգան, եթե մարդիկ աշխատանքի չգան», - ասել է KNXV-ին FAA տեխնիկ և արհմիության ներկայացուցիչ Էշլի Չիոֆին։

Ավիացիոն անվտանգության մասնագետների արհմիության մեկ այլ անդամ՝ Էնդի Բրենիգանը, ասել է, որ շաթդաունն ազդել է կարգավարական աշտարակից դուրս գտնվող աշխատողների վրա։ «Մենք այն մարդիկ ենք, ովքեր հետևում են, որպեսզի ինքնաթիռն անվտանգ լինի թռիչքի համար։ Մենք այն մարդիկ ենք, ովքեր հետևում են, որպեսզի օդաչուն կարողանա անվտանգ կառավարել ինքնաթիռը,- ասել է ավիացիոն անվտանգության տեսուչ Բրենիգանը։ - Մենք չենք նայում մեր ինքնաթիռներին, մենք օդաչուներ չենք փնտրում, մենք զբաղված ենք նրանով, որ փորձում ենք արդարացնել մեր գոյությունը»։