Շիրակի մարզում գործող ձեռնարկությունների կողմից թողարկվող եւ իրացվող արտադրանքի ծավալը 2011-ին կազմել է 45 միլիարդ դրամ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Շիրակի մարզպետարանի արդյունաբերության վարչությունից:
Ըստ այդմ, արդյունաբերական արտադրանքի աճի ինդեքսը կազմել է 181 տոկոս: Ըստ մարզպետարանի, ընդհանուր հաշվով, 2011-ին արդյունաբերության աճը Շիրակի մարզում կազմում է 60 տոկոս:
Ներկայացրած թվերի հետ համաձայն չէ ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ղեկավար Ջոն Ասատրյանը: «Ես զարմանում եմ տրամաբանության վրա, ո՞նց են հաշվարկել, ում վրա են ծիծաղում, ում ինչ են ուզում ապացուցած լինել եւ ինչպես»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նա: Ջոն Ասատրյանն ասել է, որ չի կասկածում հաշվարկների ճշմարտացիության հարցում, ոչ էլ հաշվարկ անողների մասնագիտական կարողություններն է կասկածի տակ դնում, պարզապես «այստեղ խնդիրն այն է, թե ինչի հետ են համեմատել»:
NEWS am-ի թղթակիցն իր հերթին փորձել է Գյումրիում աշխատող ձեռնարկություններից ճշտել, թե հատկապես որ մեկն է անցած տարվա կտրվածքով աճ գրանցել իր բալանսում: Գյումրիի «Արշալույս» գուլպանասկեղենի ֆաբրիկան (նախկին «Չուլոչնի»), որը պատկանում է ԲՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Զաքարյանին, որն աշխատում է միայն պատվերներներով, արդեն քանի ամիս է` չի աշխատում, կվերսկսի աշխատանքը պատվերի առկայության դեպքում:
Գործարար պատգամավոր Զաքարյանի փոխանցմամբ, անցած տարի «Արշալույս» ԲԲԸ-ն աշխատել է` գրանցելով եկամուտների նվազում:
«Տավրոս» կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերությունում վստահեցրել են, որ դարձյալ պատվերներ չլինելու պատճառով առայժմ աշխատել չեն կարող: Գյումրիում առանց պատվերի գործում են մեծ մասամբ սննդի օբյեկտները, իսկ Շիրակի մարզպետարանի գրանցած 60 տոկոսանոց աճը հենվում է Ախուրյանի շաքարի, Ամասիայի կարի եւ Գյումրիի ածիկի գործարանների վրա,նշել է նա:



























