Ավստրիական Մյոդլինգ քաղաքում «Բյուրեղապակյա գիշերվա» զոհերի (հրեական ջարդեր, որոնք տեղի են ունեցել նացիստական ողջ Գերմանիայում 1938 թվականի նոյեմբերի 9-10-ին) հիշատակի արարողությունը ընդհատվել է Ադոլֆ Հիտլերի քարոզչական ելույթի ձայնագրությամբ։
Ինչպես հայտնել է OE24 հեռուստաալիքը, տեղական համայնքը նոյեմբերի 9-ին կազմակերպել էր ջարդի զոհերի հիշատակի արարողություն, որը տեղի էր ունենում այն վայրում, որտեղ 87 տարի առաջ այրվել էր հրեական սինագոգը։ Ականատեսները հեռուստաալիքին պատմել են, որ Մյոդլինգի 91-ամյա նախկին բուրգոմիստր Վերներ Բուրգի ելույթի ժամանակ դիմացի տնից «շատ բարձր» հնչել է Հիտլերի քարոզչական ելույթներից մեկի ձայնագրությունը։ Այն տևել է «մոտ երկու-երեք րոպե, իսկ դրա բովանդակությունը հստակորեն տարբերվել է»։ Ականատեսները պարզաբանել են, որ ներկա գտնվող հանրությունը «այնքան ցնցված էր տեղի ունեցածից, որ անմիջապես չէր մտածել ոստիկանություն կանչելու մասին»։
Ինչպես OE24-ին հայտնել է քաղաքային խորհրդի անդամ Շտեֆան Շիմանովան, ոստիկանություն դիմելու հայտարարությունը կներկայացվի նոյեմբերի 10-ին։ Նրա խոսքով՝ միջոցառման մասնակիցները հիշել են շենքի միակ բաց պատուհանը, որտեղից ձայներ են եկել։ Մյոդլինգի բուրգոմիստր Սիլվիա Դրեքսլերն նշել է, որ տեղի ունեցածը եղել է «նացիոնալ-սոցիալիզմի վերականգնման դասական դեպք», ինչպես նաև «հիշատակի արարողությունը խափանելուն ուղղված ծրագրված ակցիա»։ Նա հավաստիացրել է, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ակցիայի կազմակերպիչներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար։



























