27-ամյա Հայկուհի Հովհաննիսյանը սպասում է երկրորդ երեխային։ Նրա ֆիզարձակուրդի դիմումը լրացվել է սեպտեմբերի 15-ին, սակայն արդեն երկրորդ ամիսն է, ինչ պետության կողմից նախատեսված գումարը դեռ չի փոխանցվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հայկուհի Հովհաննիսյանը։
«Զանգել եմ 114 համարին՝ Միասնական սոցիալական ծառայության թեժ գիծ, ասել են՝ հարգելի քաղաքացի, ըմբռնումով մոտեցեք, մի անհանգստացեք, մինչև հոկտեմբերի 20-ը կստանաք։ Բայց այդ ընթացքում բանկում որևէ գումար չի երևացել։ Ամսի 20-ին արդեն զանգել եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ու բացել դիմում–բողոք։ Հոկտեմբերի 25-ին կրկին զանգել եմ նախարարություն, որտեղ ասել են, որ կարող եմ նոր դիմում–բողոք ներկայացնել։ Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 25-ի դրությամբ արդեն երեք դիմում–բողոք էի ներկայացրել, սակայն ամեն անգամ նույն պատասխանը էի ստանում՝ սպասեք, համբերեք»,– նշեց Հովհաննիսյանը։
Նա պարբերաբար զանգահարել է նախարարություն՝ պարզելու, թե ինչ փուլում է իր դիմումի քննությունը և երբ վերջապես կստանա իրեն հասանելիք գումարը։
«Պարբերաբար զանգել եմ․ նախ շատ դժվար է լինում կապ հաստատել, բայց վերջապես նոյեմբերի 1-ի դրությամբ պատասխան եմ ստացել, որ կներառվեմ նոյեմբերի 7-ի փոխանցումների ցանկում։ Սակայն նոյեմբերի 7-ը անցել է, գումարը դեռ չկա։ Նորից զանգել եմ նախարարություն, ասել են՝ Ձեր անունը չի եղել նոյեմբերի 7-ի ցուցակներում և կրկին նույն պատասխանը՝ սպասեք մինչև ամսի 20-ը։ Ստուգել եմ՝ իմ անունը վճարումների ցուցակներում կրկին բացակայում է։ Այսօր արդեն բացել եմ 4-րդ դիմում–բողոքը՝ հասկանալու, թե ինչն է պատճառը, որ չեմ ներառվել ցուցակում»,– պատմեց Հայկուհին։
Նա նշեց, որ իր կամ իր աշխատավայրի կողմից որևէ սխալ կամ բացթողում չի եղել։
«Բժշկիս կողմից ուղարկվել է սեպտեմբերի 15-ին։ Աշխատում եմ երկու հաստատությունում՝ գրանցված եմ 1.5 դրույքով։ Դիմումը ուղարկելուց հետո Արմմեդ համակարգում երևացել է, որ այն ընդունվել է։ Հաշվապահներից էլ պարզել եմ՝ արդյոք 12 ամիսների աշխատավարձերն ամբողջությամբ ներկայացվել են ՊԵԿ՝ պատասխանել են՝ այո»,– ասաց նա։
Հայկուհի Հովհաննիսյանը ծննդաբերելու է նոյեմբերի 15-ին։ Նախարարությունից հայտնել են, որ գումարը կստանա մինչև նոյեմբերի 20-ը։
Նշենք, որ մինչ այս տարվա սեպտեմբերը մայրության նպաստը վճարում էին գործատուները, որոնք հետագայում ստանում էին փոխհատուցում պետությունից։ Նպաստների ուշացման խնդիրը առաջացավ այն բանից հետո, երբ նոր կարգավորումների համաձայն՝ սեպտեմբերից սկսած մայրության նպաստները պետք է վճարվեն անմիջապես պետության կողմից։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը NEWS.am-ին հայտնել էր, որ ֆիզարձակուրդների գումարների վճարումները ձգձգվել են տեխնիկական պատճառներով, և սեպտեմբերին դիմում ներկայացրած կանայք իրենց գումարները կստանան առաջիկա օրերին։





























