Բամբուկից և այլ կենսանյութերից պատրաստված այսպես կոչված էկոլոգիապես մաքուր սպասքը, որը հաճախ գովազդվում է որպես պլաստիկի անվտանգ փոխարինող, կարող է պոտենցիալ վնասակար քիմիական նյութեր արտանետել սննդի մեջ։ Այս եզրակացությանն են հանգել Պրահայի քիմիական տեխնոլոգիաների համալսարանի հետազոտողները։ Հետզոտությունը հրապարակվել է Food Control հանդեսում։
Գիտնականները փորձարկել են կենսաքայքայվող սպասքի 33 նմուշ՝ բաժակներ, ամաններ և մանկական հավաքածուներ, որոնք գնվել են Չեխիայում, Մեծ Բրիտանիայում և Չինաստանում։ Դրանց գրեթե մեկ երրորդը պարունակում էր մելամին՝ արդյունաբերական միացություն, որը տաքացնելիս կամ թթվի ազդեցությամբ կարող է ներթափանցել սննդի մեջ։
««Բնական արտադրանք» պիտակը կարող է չափազանց մոլորեցնող լինել: Այս արտադրանքի մեծ մասը իրականում պլաստիկ է՝ մելամին-ֆորմալդեհիդային խեժի հիման վրա՝ բամբուկե փոշի ավելացրած: Այս համադրությունն արագացնում է պոլիմերի քայքայումը և մեծացնում մելամինի արտազատումը, հատկապես տաք կամ թթվային ըմպելիքներում»,- պարզաբանել է հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Յանա Գայսլովան:
Փորձարկված արտադրանքներից վեցում մելամինի կոնցենտրացիաները գերազանցել են թույլատրելի սահմանը: Գիտնականները նույնիսկ գրանցել են դրա միգրացիան անգամ ամենասովորական ըմպելիքների՝ կիտրոնով տաք թեյի և նարնջի հյութի մեջ:
Չնայած ԵՄ-ում 2021 թվականից արգելված է պլաստիկե սպասքի մեջ բամբուկի օգտագործումը, հետազոտողները նշում են, որ նման արտադրանքները դեռևս ազատորեն հասանելի են և հաճախ պիտակավորվում են որպես «100% բամբուկ» կամ «կենսաքայքայվող»:
Մելամինից բացի, հետազոտությունը բացահայտել է այլ աղտոտիչներ՝ թունաքիմիկատների մնացորդներ հացահատիկային սպասքի մեջ և ախտահանիչ միջոցների հետքեր՝ բամբուկե արտադրանքում:
Հեղինակներն ընդգծել են, որ ուսումնասիրության արդյունքները լուրջ ազդանշան են սպառողի համար: Նրանք կոչ են արել ուժեղացնելու կենսաքայքայվող սպասքի մոնիթորինգը և փորձարկումը՝ սանիտարական չափանիշներին համապատասխանեցնելու համար՝ առողջական ռիսկերը և անբարեխիղճ գովազդի դեպքերը կանխելու նպատակով:



























