Սվիտլանա Գրինչուկը Ուկրաինայի էներգետիկայի նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել։ Պաշտոնը երբեք ինքնանպատակ չի եղել ինձ համար»,- գրել է նա Ֆեյսբուքում։
Ըստ Գրինչուկի՝ իր մասնագիտական գործունեության մեջ օրենքի խախտումներ չեն եղել։ «Նման փաստեր սկզբունքորեն չեն կարող գոյություն ունենալ»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահանջել էր էներգետիկայի և արդարադատության նախարարների հրաժարականները՝ էներգետիկայի ոլորտում կոռուպցիոն սկանդալի ֆոնին։
Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները պնդում են, որ երկրի կառավարության մի քանի նախկին և ներկա անդամներ, ինչպես նաև գործարար Թիմուր Մինդիչը, որը համարվում է նախագահ Զելենսկու մտերիմ ընկերը, ներգրավված են Ուկրաինայի էներգետիկայի ոլորտում խոշորամասշտաբ կաշառակերության սխեմայում։





























