NEWS.am-ն այսօր` փետրվարի 1-ի առավոտյան, տեղեկություններ ստացավ, որ Շենգավիթում գտնվող Հովհաննես Թումանյանի թիվ 32 դպրոցում գիշերն ավազակային հարձակում է տեղի ունեցել:

NEWS.am-ի տեղեկություններով, գողերը մտել են դպրոց, կապկպել պահակին, ապա սկսել են դասարանների դռները կոտրել ու ներս մտնել: Երբ հասել են ռազմագիտության դասարանին, ազդանշանը միացել է եւ նրանք փախուստի են դիմել:

Դպրոցի տնօրեն Մարինա Քալաշյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրել է, որ գողերը չեն հասցրել ոչինչ տանել, քանի որ մտնելուն պես ազդանշանները միացել են: «Չեն կարողացել իրենց ուզածn անել՝ իրեր տանել: Ըստ պահակի, նրանք մի քանի հոգի են եղել, մոտ 27-30 տարեկան երիտասարդներ»: Ըստ դպրոցի տնօրենի դպրոցում նման գողության փորձ արվել է  տարիներ առաջ, սակայն այդ ժամանակ դպրոցը ղեկավարել է այլ տնօրեն: Ոստիկանության լրատվության վարչությունից հաստատելով տեղի ունեցածը՝ նշեցին, որ կատարվում է քննություն: