Ռուսաստանցիների մեծ մասը համոզված է, որ Վլադիմիր Պուտինը կրկին կդառնա երկրի նախագահ, ընդ որում շատ քչերը հույս ունեն, որ ընտրություններն արդար կանցնեն: Սոցիոլոգիական հետազոտությունների «Լեւադա-կենտրոնի» տվյալներով, հարցվածների 78 տոկոսը համոզված է, որ Պուտինը հաղթանակ կտանի, իսկ 49 տոկոսն արդար ընտրություններ են կանխատեսել մարտի 4-ին:
Արդար ընտրությունների անցկացմանը չի հավատում քաղաքացիների 28 տոկոսը, 23 տոկոսը դեռեւս դժվարանում է կարծիք հայտնել այդ կապակցությամբ, 30 տոկոսը ակնկալում է, որ նախագահական ընտրություններին ավելի քիչ կեղծիքներ կլինեն, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իսկ 10 տոկոսը համոզված է, որ կեղծիքներ չեն լինի:
Ընդհանուր առմամբ, հարցվածների 37 տոկոսը ենթադրում են, որ այս ընտրությունների ժամանակ ավելի շատ կեղծիքներ կլինեն, քան նախորդ` խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Հարցումը ցույց է տվել, որ ներկայումս ռուսաստանցիների մոտ միասնական կարծիք չկա փողոցային ակցիաներ կազմակերպելու հարցի շուրջ: Քաղաքացիների 43 տոկոսը պաշտպանում են նման ակցիաների անցկացումը, 42 տոկոսը` բացասաբար են վերաբերում դրանց: Այդուհանդերձ, պարզվել է, որ գերազանցող մեծամասնությունը` 78 տոկոսը, չեն մասնակցի նման ակցիաներին, եթե դրանք անցկացվեն առաջիկայում իրենց քաղաքում կամ շրջանում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:



























