ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության պատճառով ԱՄՆ ռազմաօդային ուժերից ազատված տասնյոթ տրանսգենդեր զինծառայողներ դատական ​​հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ։ Այս մասին նշվել է ԱՄՆ դաշնային պահանջների դատարանի տվյալների շտեմարանում տեղադրված փաստաթղթում։

Փաստաթղթի համաձայն՝ հայցվորները, որոնք 15-18 տարի ծառայել են ԱՄՆ ռազմաօդային ուժերում, պահանջում են վճարել կենսաթոշակային նպաստները եւ այն նպաստները, որոնք չեղարկվել են ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից օգոստոսին։ Ըստ հայցվորներին ներկայացնող GLAD Law իրավապաշտպան կազմակերպության՝ տրանսգենդեր զինծառայողների համար նախատեսված նպաստները չեղարկելու Պենտագոնի որոշումը կհանգեցնի այն բանին, որ տուժածները կկորցնեն 2 միլիոն դոլարի ցմահ նպաստներ ԱՄՆ զինված ուժերում իրենց ծառայության համար։

Թրամփը նախկինում չեղարկել էր իր նախորդի՝ Ջո Բայդենի 2021թ․ ստորագրած հրամանագիրը, որը թույլ էր տալիս տրանսգենդեր անձանց ծառայել զինված ուժերում եւ արգելում էր Պենտագոնին զորացրել զինծառայողներին՝ հիմնվելով նրանց սեռական ինքնության վրա։ Բացի այդ, հանրապետականը ստորագրել է հրամանագիր, որում նշվում էր, որ ամերիկյան կառավարությունը կճանաչի միայն երկու սեռ՝ արական եւ իգական։ Դրանից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ բացահայտ տրանսգենդեր անձինք պետք է կամ ներկայացնեն կամավոր զորացրման դիմում, կամ ենթարկվեն պարտադիր զորացրման։ Պենտագոնի փետրվար ամսվա տվյալների համաձայն՝ մոտավորապես 4 200 զինծառայողի մոտ ախտորոշվել է գենդերային դիսֆորիա՝ հոգեբուժական խանգարում, որը բնութագրվում է կենսաբանական սեռի եւ գենդերային ինքնության միջեւ բախմամբ, որոնցից մոտավորապես հազարը 2014-ից հետո ենթարկվել են սեռափոխման վիրահատության։