Լեհ հետազոտողների խումբը, որը որոնում էր այսպես կոչված նացիստական ​​«ոսկե գնացքը», հայտարարել է նոր տվյալների հայտնաբերման մասին, որոնք, ըստ նրանց, հաստատում են Երկրորդ համաշխարհային պատերազմի լեգենդար գնացքի գոյությունը, տեղեկացրել է Dziennik.pl պարբերականը։

«Նախագծի մասնակիցների խոսքով՝ Ստորին Սիլեզիայում անցկացված գետնափոր ռադարային հետազոտությունը բացահայտել է ստորգետնյա անոմալիա, որը նրանք նույնացնում են թունելի եւ մի քանի վագոնի հետ»,- նշվել է զեկույցում։

«Մենք հայտնաբերել ենք քողարկված երկաթուղային թունել եւ դրա ներսում գտնվող երեք վագոն։ Փաստաթղթերն ամբողջական են ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ տրամաբանության առումով»,- պարբերականը մեջբերել է հետազոտողներից մեկի խոսքերը։

Խումբը մտադիր է թույլտվություն ստանալ անտառապատ տարածքում հետագա որոնումներ անցկացնելու համար։

Գնացքի հայտնաբերման պաշտոնական հաստատում դեռեւս չկա։ Մասնագետներն ընդգծել են, որ գետնափոր ռադարային տվյալները նախնական են եւ պահանջում են հետագա հետազոտություններ, այդ թվում՝ հնարավոր պեղումներ, նշվել է զեկույցում։

«Ոսկե գնացքի» լեգենդը բխում է այն տեսությունից, որ պատերազմի վերջին ամիսներին նացիստները Ստորին Սիլեզիայում թաքցրել են ոսկով, արվեստի գործերով եւ այլ արժեքավոր իրերով բեռնված գնացք։ Չնայած բազմաթիվ որոնողական աշխատանքներին, գնացքի գոյության որեւէ ապացույց ցայժմ չի ներկայացվել։