Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Փարիզում, տեղի ժամանակով կեսօրին մոտ, Մոնթեն պողոտայում՝ մայրաքաղաքի ամենահեղինակավոր փողոցներից (որտեղ կենտրոնացած են լյուքս ապրանքանիշների խոշոր խանութները) մեկում գտնվող Chanel խանութը ենթարկվել է զինված թալանի փորձի, տեղեկացրել է Le Parisien-ը՝ հղում կատարելով ոստիկանության աղբյուրին։
Լրատվամիջոցների տվյալներով՝ չորս անհայտ անձինք, զինված հրացաններով եւ կացնով, փորձել են ներխուժել Chanel ժամացույցների եւ զարդերի խանութ։ Նրանք եկել են Yamaha TMax սկուտերներով։ Ոմանք սաղավարտներ եւ ոստիկանական թեւկապեր էին կրում՝ փորձելով խաբել կամ վախեցնել աշխատակիցներին։
Գողերն իրենց սկուտերներն օգտագործել են որպես խոյահարող միջոց՝ խանութ մտնելու փորձ կատարելու համար։ Սակայն անվտանգության աշխատակցի արագ միջամտությունը կանխել է ներխուժումը։ Պահակին հաջողվել է իջեցնել անվտանգության արգելապատնեշը՝ ստիպելով գողերին հրաժարվել իրենց ծրագրից եւ փախչել սկուտերներով։
Իրավապահ մարմինները դեռեւս որոնում են նրանց։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան, սակայն անվտանգության աշխատակիցը միջադեպի ժամանակ թեթեւ վնասվածք է ստացել եւ հոսպիտալացվել է, հայտնել է ոստիկանության աղբյուրը։





























