Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում, այսօր` փետրվարի 1-ին, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հանդիպել է Հայաստանում ներկայացված միջազգային  դոնոր կազմակերպությունների հետ:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել դոնոր կազմակերպությունների  մասնակցության եւ աջակցության հնարավորությունը ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման աշխատանքներին:

Հանդիպմանը ներկա էին ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան, Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար դեսպան Ժան Քրիստոֆ Գերանդը, Հայաստանում ԵՄ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը,  ինչպես նաեւ ներկայացուցիչներ ԵԱՀԿ-ի, ՎԶԵԲ-ի, ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը եւ դրա իրականացման հետագա քայլերը: Նա ներկաներին տեղեկացրեց նաեւ, որ ռազմավարությամբ նախանշված  արտահանման տեսանկյունից հեռանկարային 11 ոլորտներից 3 ոլորտների`  ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության եւ կոնյակագործության համար արդեն իսկ մշակվել են ոլորտային ռազմավարություններ: Աշխատանքներ են տարվում մյուս 8 ոլորտների ռազմավարությունների եւ դրանց իրականացումն ապահովող միջոցառումների մշակման ուղղությամբ:

Մասնակիցների կողմից կարեւորվեց նման ձեւաչափով քննարկումների կազմակերպումը, որը հնարավորություն կստեղծի ռազմավարության առավել համակարգված եւ արդյունավետ իրականացմանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առ այն, որ դոնոր կազմակերպությունների կողմից կներկայացվեն առաջարկություններ ռազմավարության իրականացման հնարավոր աջակցության վերաբերյալ, որոնք կքննարկվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայանալիք դոնոր կազմակերպությունների հետ հաջորդ հանդիպմանը: