Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Էրեբունի վարչական շրջանի  Նոր Արեշ 35 փողոց 127/1 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչների լիազոր խմբի ներկայացուցիչներին: NEWS.am-ին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ բազմաբնակարան հանրակացարանային շենքը 2008 թ. կատարված մասնագիտական հետազոտության արդյունքում գնահատվել է 4 -րդ աստիճանի վնասվածության: Երեւանի քաղաքապետի առաջարկությամբ շենքը ընդգրկվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից շրջանառության մեջ  դրված Երեւան քաղաքի տարածքում վթարային 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգում: «Մենք անհանգստացած ենք ոչ միայն այս, այլ նաեւ 4 րդ կարգի վթարայնություն ունեցող բոլոր այն շենքերի ճակատագրով, որոնք կան Երեւան համայնքում: Հարցը միշտ օրակարգում է, քննարկվում են փուլային լուծման տարբերակներ»,- նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

Քաղաքապետը լսել է հանրակացարանի լիազոր ներկայացուցիչների մտահոգությունները եւ առաջ քաշած հարցերը` տեղեկացնելով,  որ թեեւ գործող օրենսդրության շրջանակում վթարային շենքերի վերաբնակեցումը ենթակա է իրականացման պետական բյուջեի միջոցներով, սակայն խնդրի լուծման հրատապությունից ելնելով` քաղաքապետարանը դիմել է համապատասխան գերատեսչություններին`ներկայացնելով համաֆինանսավորման միջոցով բնակելի ֆոնդի ստեղծման առաջարկ: Պայմանավորվածություն  է ձեռք բերվել նաեւ շարունակել քննարկումները` հարցին լուծումներ գտնելու նպատակով: