Երեւան քաղաքի պատմության թանգարանը համալրվել է Արեւելյան մշակույթի հարուստ հավաքածուով, որը ներառում է նաեւ բացառիկ նմուշներ: NEWS.am-ին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ հավաքածուն իրանահայ, ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանի նվերն է թանգարանին, որը հանձնել է նվիրատուի եղբայրը` Զավեն Ոսկանյանը: Թանկարժեք հավաքածուն թանգարանին հանձնելուն ներկա է գտնվել եւ նմուշներին ծանոթացել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 17-ից 19-րդ դարերում գործածված կրոնական ծիսակատարությունների եւ կենցաղային առարկաներ՝ հմայիլների տուփիկներ, հուռութներ, ճրագամաններ, կնիքներ, կողպեքներ, ջրի ծորակներ, արդուզարդ, անգամ Դարեհի ժամանակաշրջանի՝ 2500-ամյա մետաղադրամներ. հավաքածուն բաղկացած է 2000 ցուցանմուշից, որոնք նվիրատուն տարբեր տարիներին գնել է Իրան, Հնդկաստան, Պակիստան եւ արեւելյան այլ երկրներ կատարած շրջագայությունների ժամանակ:
Փորձագետների խորհրդատվությունն ու 2000 ցուցանմուշների համար պատմական անձնագրեր կազմելը մի քանի ամիս կպահանջեն, հետեւաբար` հավաքածուն թանգարանում առանձին ցուցադրության է պատրաստվելու տարեվերջին: Ցուցանմուշներին ծանոթանալուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը Զավեն Ոսկանյանին է հանձնել Ռոստոմ Ոսկանյանին ուղղված Երեւանի քաղաքապետի շնորհակալագիրը:




























