Միջազգային ֆուտբոլային ասոցիացիայի (FIFA) ղեկավար Յոզեֆ Բլաթերը իր ցավակցությունն է հայտնել Եգիպտոսի Պորտ-Սայիդ քաղաքում ֆուտբոլային խաղի ժամանակ սկսված բախումների հետեւանքով զոհվածերկրպագուների ընտանիքներին: Այս մասին հաղորդում է FIFA-ի մամուլի ծառայությունը:
«Ես ցնցվեցի, իմանալով, որ այդքան շատ ֆուտբոլային երկրպագուներ են մահացել եւ վիրավորվել Եգիպտոսի Պորտ-Սայիդ քաղաքում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Իմ միտքը հիմա այն ընտանիքների հետ է, ով այդ երեկո հարազատ է կորցրել: Դա սեւ օր է ամբողջ ֆուտբոլի համար: Նման իրավիճակ, պարզապես հնարավոր չէ պատկերացնել եւ դա չպետք է կրկնվի»,-ասել է Բլաթերը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի Պորտ-Սայիդ քաղաքում տեղի «Ալ-Մասրի» եւ Կահիրեի «Ալ-Ահլի» թիմերի հանդիպման ժամանակ, երկրպագուները մտել են մարզադաշտ եւ անկարգություններ սկսել:
Հենց որ խաղն ավարտվել է, տեղի թիմի երկրպագուները հարձակվել են «Ալ-Ահլիի» փոքրաթիվ երկրպագուների վրա, այնուհետեւ մտել դաշտ եւ հարձակվել Կահիրեի թիմի մարզիչների ու խաղացողների վրա: Բախումների հետեւանքով մահացել է 74, վիրավորվել` շուրջ 300 մարդ: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:




























