Շատ կարևոր նախաձեռնություն է, իշխանությունների բոլոր օրինազանցությունները հավաքել մեկ փաստաթղթի մեջ և ուղարկել դատախազություն, բայց լավ կլիներ, որ ժամանակին դրանցից յուրաքանչյուրի համար հայց ներկայացվեր դատախազություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, «Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումի ժամանակ նշեց սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը։
«Դրա իմաստը նա է, որ եթե մերժում են, թող շաբաթը մեկ մերժեն, թող ամեն անգամ մերժեն, հայցը ներկայացվի և պատասխան չստանա և այդպես հավաքվի մի դոսիե։
Սրա հետ պետք է լինեն նաև մի քանի այլ փաստաթղթեր, պետք է դատախազություն հաղորդում ներկայացնելու մասին մի տեքստ կազմվի և ներկայացվի բոլոր միջազգային կառույցներին, դեսպանատներին, ԵԱՀԿ-ին, ԵԽԽՎ-ին, որպեսզի իրենք տեղյակ լինեն, որ այս հարցում եղել է որոշակի քաղաքական համախմբում»,–ասաց նա։
Խոսելով Խաչիկ գյուղի եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի մասին, նա ասաց. «Անցած կիրակի օրը ես վերադառնում էի Սյունիքից, այդ նույն ժամերին վարչապետը գնացել էր Խաչիկ գյուղի եկեղեցում պատարագի։ Ամբողջ ճանապարհին՝ սկսած Արենի գյուղից մինչև Երևանի մուտքը, կանգնած էին պարեկային ծառայության մեքենաները, որոշակի հեռավորության վրա կանգնած էին ոստիկաններ կամ պարեկներ։ Սա որոշակի ծախս է, որը պետությունը անում է միայն մի մարդու քմահաճույքի համար, որ ինքը պետք է գնա պատարագի։ Ես կարծում եմ այս հարցը ևս պետք է դարձնել քննարկման առարկա, պետք է դիմել որոշակի մարմինների և պահանջել։
Օրինակ ես եթե գնում եմ պատարագի, ես պետական բյուջեից ոչինչ չեմ վերցնում։ Ինչի՞ պետք է մի մարդ, որ իրեն հռչակում է իբր թե Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ինչի՞ ես այդ ահռելի միջոցները մեր հաշվին օգտագործում։ Իսկ ահռելի միջոցներ օգտագործելու բազմաթիվ փաստեր կան։
Նկատի ունենալով այն ամբարտավանությունը, այն լկտիությունը որը տարվում է քաղաքական ասպարեզում, մեզ մնում են միայն իրավական լուծումները, և իրավական ճանապարհով պետք է կարողանալ կարգավորել նաև քաղաքական հարցերը»,– ընդգծեց Պասկևիչյանը։





























