Բրյուսելի հայտնի հուշարձան-շատրվանի` «Միզող տղայի» ջրի ծորակը ժամանակավորապես փակել են: Որոշումը կայացվել է եվրոպական երկրների համար աննոմալ ցրտերի պատճառով:
Փետրվարի 1-ի գիշերը Բելգիայի մայրաքաղաքում -10 աստիճան ցուրտ է եղել: Իշխանությունները մտավախություն ունեն, որ ցրտերը կարող են վնասել հուշարձանի ներքին մեխանիզմը:
Զբոսաշրջային վարչությունում նշել են, թե հենց եղանակը բարելավվի, «Միզող տղան» կրկին կաշխատի: Փետրվարի 2-ի գիշերը Բրյուսելում կրկին ցրտեր են սպասվում: Նման ջերմաստիճանային ռեժիմը կպահպանվի մինչեւ շաբաթվա վերջ, հաղորդում է Reuters-ը:
«Միզող տղան» բելգիական ամենահայտնի հուշարձաններից է եւ Բրյուսելի յուրօրինակ խորհրդանիշն է: Հստակ հայտնի չէ, թե երբ է այն տեղադրվել, սակայն իր ներկայիս տեսքը ստացել է 1618-19 թվականներին:




























