Հաջորդ շաբաթ ֆինանսների նախարարությունը կսկսի հատուկ կտրոնների բաշխումը, որով սկիզբ կդրվի սոցիալական փաթեթի գործածությանը: Այդ մասին այսօր` փետրվարի 2-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Այդ կտրոնների արժեքը 52 հազ. դրամ է, դա ենթադրում է պարտադիր բժշկական ապահովագրություն 3.8 մլն դրամի չափով: Միայն այդ ծառայությունից օգտվելու դեպքում հնարավոր է օգտվել նաեւ մյուս ծառայություններից: Սոցիալական փաթեթի ընդհանուր արժեքը 132 հազ. դրամ է:

Այն նախատեսված է քաղաքացիական եւ պետական ծառայողների, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ կրթության, մշակոյթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների աշխատակիցների համար, թվով` 120 հազ. մարդ: Սոցիալական փաթեթից չեն կարող օգտվել կադրերի ռեզերվում գտնվող անձինք, տվյալ մարմնում 6 ամսից պակաս աշխատանքային ստաժ ունեցողները, կես դրույքից պակաս ծանրաբեռնվածությամբ անձինք, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներն ու տեխնիկական սպասարկում իրականացնողները:

Բշժկական ապահովագրության պարագայում ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի սուր, անհետաձգելի եւ պլանային մի շարք բժշկական ծառայություններ, ընդհուպ մինչեւ սրտի ու նյարդավիրաբուժական վիրահատություններ:

Բացի բժշկական ապահովագրությունից, սոցիալական փաթեթը կարելի է օգտագործել հետեւյալ ուղղոււթյուններով. հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վարձ, հանգստի կազմակերպում ՀՀ եւ ԼՂՀ տարածքում: