Թուրքիան Համաշխարհային բանկի հետ քննարկում է մինչև 6 միլիարդ դոլարի ֆինանսական փաթեթ՝ իր վերականգնվող էներգիայի արտադրության տեղադրված հզորություններն ընդլայնելու նպատակով, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Ըստ նրա՝ հարցը քննարկվել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի հետ հանդիպման ժամանակ։

«Համաձայնություն է ձեռք բերվել սկսելու նախնական ֆինանսական փաթեթի վրա աշխատանքները, որը կօգտագործվի մինչև 2035 թվականը Թուրքիայի տեղադրված արևային և քամու էներգիայի հզորությունը 120 հազար ՄՎտ հասցնելու նպատակին հասնելու համար»,- պարզաբանել է Բայրաքթարը։

Նա նշել է, որ փոխառված միջոցները նախատեսված են, մասնավորապես, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցման համար։

Բացի դրանից, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Թուրքիայում ատոմային էներգիայի և գազով աշխատող էլեկտրակայանների զարգացման հարցը։