ԱՄՆ սենատորներ Ջոշ Հոուլին և Ռիչարդ Բլումենտալը դիմել են Դաշնային առևտրի հանձնաժողովին և Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին՝ Meta-ի նկատմամբ հետաքննություն սկսելու հարցով, հաղորդում է Reuters-ը։
«FTC-ն և SEC-ը պետք է անհապաղ հետաքննություն սկսեն և, եթե մեղադրանքները հաստատվեն, Meta-ից պահանջեն վերադարձնել իր անօրինական շահույթը, տուգանքներ վճարել և դադարեցնել նման գովազդների հրապարակումը»,- նշված է սենատորների նամակում։
Գործակալության տվյալներով՝ Meta-ի 2024 թվականի ներքին փաստաթղթերը ցույց են տալիս, որ ընկերության տարեկան եկամտի մոտ 10 տոկոսը բաժին է ընկնում խարդախ և «բարձր ռիսկի» սխեմաներին առնչվող գովազդին։
Meta-ն հայտարարել է, որ նման գովազդների վերաբերյալ օգտատերերի բողոքների թիվը վերջին տասնութ ամիսների ընթացքում նվազել է ավելի քան կեսով։ Ընկերության ներկայացուցիչ Էնդի Սթոունը պնդումները «չափազանցված և սխալ» է որակել։
Սակայն սենատորները կասկածի տակ են դրել ընկերության անկեղծությունը։ Ըստ նրանց՝ Meta-ի հանրային գովազդների տվյալների բազայի նույնիսկ կարճատև սկանավորումը բացահայտում է գովազդներ, որոնք խթանում են խարդախ վճարումները, անօրինական մոլեխաղերը, կրիպտո խարդախությունները և քաղաքական գործիչների deepfake-երը (արհեստական բանականության միջոցով ստեղծված սինթետիկ կրիչներ, որոնցում գոյություն ունեցող տեսասլողական բովանդակության՝ պատկերի կամ տեսանյութի անձը փոխարինվում է ուրիշի նմանությամբ՝ իրական թվալու մեծ հնարավորությամբ –խմբ.)։
Հոուլին և Բլումենտալը նշել են նաև, որ ընկերության գնահատմամբ ԱՄՆ-ում բոլոր խարդախությունների մինչև մեկ երրորդը տեղի է ունենում նման հարթակների միջոցով: Դաշնային առևտրի հանձնաժողովի տվյալներով՝ դա համարժեք է սպառողների տարեկան ավելի քան 50 միլիարդ դոլարի կորուստների:





























