Ռումինիան կործանիչներ է ուղարկել՝ անօդաչու թռչող սարքերին հետևելու համար, որոնք ներխուժել էին նրա տարածք Ուկրաինայի սահմանին մոտ՝ երեքշաբթի վաղ առավոտյան, և որոնցից մեկը դեռ շարունակում էր շարժվել երկրի խորքը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ռումինիայի պաշտպանության նախարարությանը։

Նախարարությունը հայտարարել է, որ սկզբում օդ է բարձրացրել երկու Eurofighter կործանիչ, որոնք ընդգրկված էին Ռումինիայում գերմանական օդային ոստիկանության առաքելության կազմում։ Դրանք հետևել են անօդաչուին երկրի հարավ-արևելյան Տուլչա շրջանում, մինչև այն վերադարձել է Ուկրաինա։

Ավելի ուշ բանակը օդ է բարձրացրել Ռումինիային պատկանող երկու F-16 կործանիչ, երբ ռադարն արձանագրել է երկրորդ խախտումը Գալաց երկրամասում։ Օդանավերը հաստատել են, որ անօդաչուն շարժվում էր երկրի խորքը՝ Վրանչա երկրամասի ուղղությամբ, հայտնել է նախարարությունը։

Երեք երկրամասերի բնակիչներին նախազգուշացրել են ապաստան գտնելու անհրաժեշտության մասին։

ԵՄ և ՆԱՏՕ անդամ այս երկիրը ունի 650 կմ ընդհանուր ցամաքային սահման Ուկրաինայի հետ։ Այն պահից, երբ Ռուսաստանը սկսեց հարձակվել Դանուբի մյուս ափին գտնվող Կիևի նավահանգիստների վրա, անօդաչուները բազմիցս խախտել են Ռումինիայի օդային տարածքը, իսկ դրանց բեկորները ընկել են նրա տարածքում։

Վերջին ամիսներին լարվածությունը Եվրոպայի արևելյան թևում աճել է այն բանից հետո, երբ ռուսաստանյան անօդաչուները, ենթադրաբար, խախտել են մի շարք ՆԱՏՕ երկրների օդային տարածքը։

Ռումինիան ընդունել է օրենսդրություն, որը թույլ է տալիս խաղաղ ժամանակներում խոցել անօդաչուները, եթե վտանգ է սպառնում մարդկանց կյանքին կամ գույքին, սակայն առայժմ չի կիրառել այն։