Վենեսուելան արգելել է վեց խոշոր միջազգային ավիաընկերությունների վայրէջքը երկրում, քանի որ նրանք չեն պահպանել թռիչքները վերսկսելու 48-ժամյա ժամկետը, հաղորդում է BBC News-ը։
Ավիաընկերությունները ժամանակավորապես դադարեցրել են մայրաքաղաք Կարակաս թռիչքները, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն զգուշացրել է տարածքում «ռազմական ակտիվության աճի» մասին։ Զայրացած Վենեսուելայի կառավարությունը վերջնագիր է ներկայացրել ավիափոխադրողներին, որի ժամկետը լրացել է չորեքշաբթի։ Մինչ մի շարք փոքր ավիաընկերություններ շարունակում են թռիչքներ իրականացնել դեպի Վենեսուելա, հազարավոր ուղևորներ տուժել են։
ԱՄՆ-ն մեծ ուժեր է տեղակայել Վենեսուելայի ափամերձ ջրերում, ինչը, ըստ ԱՄՆ-ի, ուղղված է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին, բայց որը Վենեսուելայի առաջնորդը դատապարտել է որպես իրեն տապալելու փորձ։
Վենեսուելայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը, որը ենթարկվում է երկրի տրանսպորտի նախարարությանը, չորեքշաբթի հայտարարել է, որ Iberia, TAP Portugal, Gol, Latam, Avianca և Turkish Airlines ավիաընկերություններն անմիջապես կզրկվեն վայրէջքի և թռիչքի արտոնություններից։ Վենեսուելայի ափերի մոտ ԱՄՆ ռազմական ակտիվության աճը վկայակոչելով՝ այն նաև մեղադրել է ավիաընկերություններին «ԱՄՆ կառավարության կողմից խրախուսվող պետական ահաբեկչությանը միանալու և առևտրային օդափոխադրումները միակողմանիորեն դադարեցնելու» մեջ։ ԱՄՆ-ն Վենեսուելայից հարվածային հեռավորության վրա տեղակայել է 15 հազար զինվորական և աշխարհի ամենամեծ՝ «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը։
ԱՄՆ-ն պնդում է, որ այս տեղակայումը, որը տարածաշրջանում ամենամեծն է 1989 թվականին Պանամա ներխուժելուց ի վեր, նպատակ ունի պայքարելու թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ։ ԱՄՆ ուժերն առնվազն 21 հարված են հասցրել թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող նավերին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ։
Այնուհանդերձ, նրանք որևէ ապացույց չեն ներկայացրել, որ նավակներով թմրանյութ է տեղափոխվել, և շատ վերլուծաբաններ նշել են, որ ամերիկյան զորակազմն անսովոր մեծ էր թմրանյութերի դեմ պայքարի գործողության համար։ Վենեսուելայի կառավարությունը կարծում է, որ գործողության նպատակն է տապալել նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որի վերընտրությունն անցյալ տարի Վենեսուելայի ընդդիմությունը և շատ օտարերկրյա պետություններ դատապարտել էին՝ այն կեղծված համարելով: Լարվածության աճի պայմաններում ԱՄՆ Դաշնային ավիացիայի վարչությունն (FAA) ուրբաթ նախազգուշացում է հրապարակել Կարակասը սպասարկող միջազգային օդանավակայան՝ Մայկետիա թռչող չվերթների օպերատորներին։ FAA-ն ավիաընկերություններին կոչ է արել «զգույշ լինելու... բոլոր բարձրություններում՝ Վենեսուելայում և նրա շրջակայքում անվտանգության իրավիճակի վատթարացման և ռազմական ակտիվության աճի պատճառով»։




























