Խորտակված «Կոստա Կոնկորդիա» զբոսանավում գրեթե 6 հազար արվեստի գործեր, հնություններ եւ թանկարժեք իրեր կան:
Դրանց թվում են 18-19-րդ դարերի ճապոնական գրավյուրաները: Բացի այդ, այնտեղ են գտնվում հանրահռչակ վարպետներ Հոկուսայի, Ուտամարոյի եւ Սյարակուի 16 ստեղծագործություններ:
Նավում կան նաեւ այլ կտավներ եւ հնություններ, ոսկերչական խանութների ապրանքներ, զարդեր, որոնք նավախցիկներում թողել են խորտակված նավի ուղեւորները: Պոտենցիալ գողերին կարող է հրապուրել նաեւ թանկաիրժեք սպասքը, ներառյալ 19-րդ դարի բոհեմական բյուրեղապակին:
Չնայած որ կենտրոնական Իտալիայի ափերում կողքի վրա շրջված նավը հսկողության տակ է, եւ օտար անձանց մուտքն այնտեղ արգելված է, չի բացառվում, որ տաքերն ընկնելուց հետո հանցագործ խմբավորումներն ու արկածախնդիր սուզորդները կփորձեն զբոսանավում մնացած գանձերին տիրանալ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, «Կոստա Կոնկորդիան», որում շուրջ 4 հազար ուղեւոր է գտնվել, նավաբեկության է ենթարկվել 2012թ. հունվարի 14-ի գիշերը` իտալական Ջիլյո կղզու մոտակայքում: Զոհվել է 17 մարդ: Անհետ կորած են համարվում 15 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ:
Զբոսանավի ընդհատակ անցած հատվածում որոնողական աշխատանքները դադարեցվել են հունվարի 31-ին: Փաստի առիթով իտալական իշխանությունները քրեական գործ են հարուցել: Նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն տնային կալանքի տակ է վերցվել:




























