Ըստ թուրքական իշխանությունների, հինգշաբթի հրդեհ է բռնկվել Թուրքիայից՝ թուրքական Քոջաելի նահանգի Քանդիրա շրջանի առափնյա հատվածից մեկնող ռուսական լցանավի վրա, և նավի անձնակազմի 25 անդամների համար արտակարգ փրկարարական գործողության անհրաժեշտություն է ծագել, հաղորդում է Daily Sabah-ը։

Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգիստ ուղևորվող Kairos լցանավի վրա հրդեհ է բռնկել Թուրքիայի սևծովյան ափից մոտ 28 մղոն հեռավորությամբ, նշված է Ծովային գործերի գլխավոր վարչության հայտարարության մեջ։ Պաշտոնյաները նշել են, որ հրդեհը, ենթադրաբար, «արտաքին ուժի ազդեցության տակ է առաջացել», չնայած պատճառը դեռևս հաստատված չէ։

«Նավի անձնակազմի բոլոր 25 անդամները լավ վիճակում են»,- հայտնել է գործակալությունը՝ հավելելով, որ փրկարարական ստորաբաժանումներ են ուղարկվել անձնակազմին տարհանելու և իրավիճակը վերահսկելու համար։ Քոջաելիի նահանգապետարանը հայտնել է, որ դեպքի վայր են ուղարկվել Ափային պահպանության, Ափամերձ անվտանգության վարչության բրիգադները, արտակարգ իրավիճակներին արձագանքման ստորաբաժանումներ և շտապօգնության մեքենաներ։

«Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ»,- ասված է հայտարարության մեջ։ Իրավիճակին անմիջականորեն ծանոթ անձը հայտնել է, որ երկրորդ լցանավը՝ Virat-ը նույնպես վնասվել է Սև ծովի արևելքում տեղի ունեցած պայթյունից։

LSEG-ի տվյալներով՝ և՛ Kairos-ը, և՛ Virat-ն ընդգրկված են 2022 թվականին Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների տակ ընկած նավերի ցանկում։