Գիտնականները հայտնաբերել են, որ մակակները (պրիմատների տեսակ) կարող են «հարվածել» երաժշտության տակտով, այնպես, ինչպես դա անում են մարդիկ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։
Փորձի ընթացքում մակակներին սովորեցրել են իրենց շարժումները համապատասխանեցնել պարզ մետրոնոմի ռիթմին։ Հետո նրանց համար իսկական երաժշտություն են միացրել, եւ պարզվել է, որ նրանք կարողացել են շարունակել «հարվածել» տակտով, անգամ երբ երգը նոր է եղել, եւ առանց պարգեւատրման։
Դա ցույց է տալիս, որ պրիմատները կարող են ընկալել կայուն ռիթմը եւ սինքրոնացնել իրենց շարժումները երաժշտության հետ, հմտություն, որն ավելի վաղ համարվում էր բացառապես մարդկային։
Թեեւ մակակներին երկարատեւ մարզումներ էին անհրաժեշտ, հետազոտությունը ցույց է տալիս, որ ռիթմը «որսալու» ունակությունը պրիմատների մոտ կարող է անհամեմատ ավելի խորքային լինել, քան կարծում էին մինչ այժմ։



























