Այսօր առավոտյան ժամը 08:00-ին Ղրղզստանում բացվել են ընտրատեղամասերը․ սկսվել է Ժողովկու Կենեշի՝ երկրի խորհրդարանի պատգամավորների արտահերթ ընտրությունների քվեարկությունը, հայտնում է 24 KG-ն։
Սեպտեմբերի 25-ին նախորդ գումարման խորհրդարանը մեծամասնությամբ քվեարկեց ինքնալուծարման օգտին՝ դա բացատրելով խորհրդարանական և նախագահական քարոզարշավների միջև ընդմիջումը երկարացնելու անհրաժեշտությամբ (նախագահական ընտրությունները նախատեսված են 2027 թվականի հունվարին)։
Հանրապետությունում բացվել է 2 հազար 492 ընտրատեղամաս, արտերկրում՝ 100, որոնցից 40-ը՝ Ռուսաստանի Դաշնությունում։
Քվեարկելու իրավունք ունեն 18 տարին լրացած և կենսաչափական գրանցում անցած Ղրղզստանի քաղաքացիները։ Վերահսկիչ ցուցակում ընդգրկված է 4 միլիոն 294 հազար 243 ընտրող։
Ընտրություններն անցկացվում են մեծամասնական համակարգով․ 30 բազմամանդատ ընտրատարածքներում կընտրվի 90 պատգամավոր՝ երեքական յուրաքանչյուրից։ Օրենսդրության համաձայն, մեկ սեռի ներկայացուցիչ չի կարող ստանալ ավելի քան երկու մանդատ մեկ ընտրատարածքում։ Թեկնածուները առաջադրվել են թե՛ քաղաքական կուսակցություններից, թե՛ ինքնառաջադրմամբ։
Առաջին անգամ կիրառվելու է հեռավար քվեարկության մեխանիզմ։
Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն։ Նախնական արդյունքները հայտնի կդառնան գրեթե անմիջապես դրա ավարտից հետո։ Վերջնական արդյունքները կհայտարարվեն մինչև դեկտեմբերի 14-ը։





























