Վենեսուելան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է «գաղութարարական սպառնալիքի» մեջ այն հայտարարությունից հետո, թե երկրի օդային տարածքը պետք է փակ համարվի, հայտնում է BBC News-ը։

Երկրի ԱԳՆ-ն Թրամփի հայտարարությունը որակել է որպես «հերթական էքստրավագանտ, անօրինական և անհիմն ագրեսիա վենեսուելացի ժողովրդի դեմ»։

ԱՄՆ օրենքով Վաշինգտոնը լիազորություն չունի փակելու այլ երկրի օդային տարածքը, սակայն Թրամփի հրապարակումը համացանցում կարող է անորոշություն առաջացնել ուղևորությունների շուրջ և վախեցնել ավիաընկերություններին այնտեղ թռիչքներ կատարելուց։ Միացյալ Նահանգները մեծացնում է իր ռազմական ներկայությունը Կարիբյան ավազանում՝ ըստ պաշտոնյաների՝ թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի նպատակով։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մերժել է ԱՄՆ մեղադրանքները թմրանյութերի անօրինական շրջանառության մեջ՝ դրանք համարելով իր իշխանությունը տապալելու փորձ։

Թրամփի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել նաև ԱՄՆ Կոնգրեսում։ Մասնավորապես, կոնգրեսականներ Չակ Շումերը և Մարջորի Թեյլոր Գրինը նշել են, որ նախագահի հայտարարությունները ԱՄՆ-ին մոտեցնում են նոր պատերազմի, մինչդեռ միայն Կոնգրեսն ունի իրավասություն պատերազմ հայտարարելու այլ երկրի դեմ։

Շաբաթ օրը Վենեսուելայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն «միակողմանիորեն կասեցրել է» միգրանտների հայրենադարձման իր շաբաթական չվերթները։

«Մենք ուղղակիորեն կոչ ենք անում միջազգային հանրությանը, աշխարհի ինքնիշխան կառավարություններին, ՄԱԿ-ին և համապատասխան բազմակողմ կազմակերպություններին վճռականորեն մերժել այս անբարոյական ագրեսիայի ակտը», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Նույն օրը վենեսուելացի զինվորականները վարժանքներ են անցկացրել ծովափնյա շրջաններում, իսկ պետական հեռուստատեսությունը ցուցադրել է զենիթային զինատեսակների և այլ հրետանային զորամասերի մանևրները։

Չորեքշաբթի Վենեսուելան արգելել է վեց խոշոր միջազգային ավիաընկերությունների՝ Iberia, TAP Portugal, Gol, Latam, Avianca և Turkish Airlines, վայրէջքները երկրում, քանի որ նրանք չեն հասցրել 48-ժամյա ժամկետում վերականգնել թռիչքները։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ Վենեսուելայի և նրա շուրջ օդային տարածքը ամբողջությամբ փակ է։

«Բոլոր ավիաընկերություններին, օդաչուներին, թմրանյութերի մաքսանենգներին և մարդկանց առևտրով զբաղվողներին խնդրում ենք հաշվի առնել, որ Վենեսուելայի և նրա շուրջ օդային տարածքը ամբողջությամբ փակ է։ Շնորհակալություն այս հարցին ձեր ուշադրության համար», – նշել է ԱՄՆ նախագահը։