Ղազախստանից ժամանած ամուսնական զույգը մեղադրվում է Crown Sydney խաղատանը խարդախությամբ ավելի քան 1 միլիոն դոլար շահելու մեջ, գրում է Daily Mail-ը։
Հինգշաբթի խաղատան աշխատակիցները բռնել են 36-ամյա մի կնոջ, որի վերնաշապիկի Disney-ի տարբերանշանի տակ տեսախցիկ է թաքցված եղել։ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները այցելել են խաղատուն և ձերբակալել կնոջն ու նրա 44-ամյա ամուսնուն։
Ըստ ոստիկանների, բացի տեսախցիկից, զույգն ունեցել է մագնիսացված տվիչներ, մարտկոցներ, տեսախցիկը թաքցնելու համար նախատեսված ամրակով բջջային հեռախոս և նույն սարքի համար պատվերով պատրաստված փոքրիկ հայելի։
Ամուսիններին տեղափոխել են Դեյ սթրիթի ոստիկանական բաժանմունք, և նրանցից յուրաքանչյուրին մեղադրանք է առաջադրվել խաբեության միջոցով անազնիվ ֆինանսական օգուտ ստանալու համար։
Հետաքննությունը պարզել է, որ զույգը Ղազախստանից Սիդնեյ է ժամանել հոկտեմբերին և խաղատուն մուտքի հայտ ներկայացրել հենց ժամանման օրը։ Ենթադրվում է, որ հոկտեմբերին և նոյեմբերին Crown Sydney կատարած մի քանի այցի ընթացքում նրանք շահել են ընդհանուր առմամբ 1 179 412,50 դոլար։ Ըստ Նոր Հարավային Ուելսի ոստիկանության, զույգն օգտագործել է բջջային հեռախոսները սեղանների պատկերները ստանալու, իսկ ականջակալները՝ խաղադրույքների տեղադրման վերաբերյալ հրահանգներ փոխանցելու համար։
Նշվում է նաև, որ ոստիկանները Քենթ սթրիթում գտնվող զույգի բնակարանում հայտնաբերել են ազարտային խաղերի պարագաներ, թանկարժեք զարդեր և մոտ 3550 դոլար։