Նիգերիայի հյուսիս-արևելքում գիշերային հարձակման ժամանակ զինված մարդիկ առևանգել են 13 կնոջ և մեկ երեխայի։ Սա արևմտաաֆրիկյան երկիրը ցնցած զանգվածային առևանգումների շարքի հերթական դեպքն է։
Շաբաթ լույս կիրակի գիշերը Սոկոտո նահանգի Չաչո գյուղից առևանգվածների թվում են հարսնացուն և նրա 10 ընկերուհիները, AFP-ին հայտնել է տեղի բնակիչը։
Վերջին շաբաթներին հանցագործները հարյուրավոր մարդկանց են առևանգել ողջ Նիգերիայում։ Երկիրը գերլարված ուժերով փորձում է դիմակայել թե՛ ծայրահեղական, թե՛ հանցավոր խմբավորումներից բխող սպառնալիքին։
Անկարգությունները մեծացրել են ճնշումը Նիգերիայի կառավարության վրա, և նախագահ Բոլա Տինուբուն չորեքշաբթի արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ռազմական միջամտություն իրականացնել Աֆրիկայի ամենախիտ բնակեցված երկրում՝ արմատական ծայրահեղականների կողմից քրիստոնյաների սպանությունների պատճառով, ինչպես ինքն է որակել։
«Անցած գիշեր ավազակները ներխուժեցին մեր գյուղ և Զանգո թաղամասի տներից մեկից առևանգեցին 14 մարդու, այդ թվում՝ հարսնացուին և նրա 10 ընկերուհիներին»,- AFP-ին պատմել է Չաչո գյուղի բնակչուհի Ալիյա Աբդուլահին։
Նիգերիայի այս շրջանում ավանդաբար երիտասարդ հարսնացուները իրենց առաջին ամուսնական գիշերն անցկացնում են ընկերուհիների հետ նոր տանը, իսկ ամուսինները տեղափոխվում են ավելի ուշ։
Ըստ Աբդուլահիի, առևանգվածների թվում են նաև մեկ մանուկ, նրա մայրը և ևս մեկ կին։
Նիգերիայում առևանգումներն ավելի զանգվածային բնույթ ստացան այն բանից հետո, երբ ծայրահեղական «Բոկո Հարամ» խմբավորումը երկրի հյուսիս-արևելքում գտնվող Չիբոկ քաղաքում առևանգեց 276 դեռահաս աղջիկների, ինչը միջազգային լայն արձագանք ստացավ։
Բացի արմատական ծայրահեղականներից, ավազակային խմբավորումները բռնություն են տարածում նաև հյուսիս-արևմուտքում և Նիգերիայի կենտրոնական մասում, որտեղ նրանք իրականացնում են մարդկանց առևանգումներ՝ փրկագին ստանալու նպատակով, հարձակվում են գյուղերի վրա, սպանում բնակիչներին և թալանից հետո այրում տները։ Ըստ Աբդուլահիի, հոկտեմբերին ավազակներն արդեն հարձակվել էին Չաչոյի վրա՝ առևանգելով 13 մարդու։
Նիգերիայի հետախուզության զեկույցը, որին ծանոթացել է AFP-ն, հաստատել է հարձակման փաստը։