Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը կարծում է, որ Եվրամիության երկրները պետք է հավասարապես պատասխանատվություն ստանձնի ֆինանսական ռիսկերի համար, եթե Եվրոպայում սառեցված ռուսական պետական ​​ակտիվներն օգտագործվեն Ուկրաինային օգնություն տրամադրելու համար։

Ըստ Վադեֆուլի՝ «բելգիական շահերի» պաշտպանությունը կարևոր է ռուսական ակտիվների օգտագործման համար, գրում է DW-ն։ Բելգիային անհրաժեշտ են երաշխիքներ, և դրանք պետք է «տրամադրվեն համատեղ եվրոպական ընտանիքի շրջանակում»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը։ Նա հավելել է, որ այս հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, ներառյալ՝ դեկտեմբերի 3-ին Բրյուսելում անցկացվելիք ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտի հեռանկարների վերաբերյալ Վադեֆուլը կարծիք է հայտնել, որ առջևում բանակցությունների «վճռական շաբաթ» է։ Նախարարը, զգուշավոր լավատեսություն է հայտնել, նշելով, որ «այժմ հրադադարի իրական հնարավորություն կա»։

Աշնան սկզբից ի վեր Եվրամիությունը քննարկում է Ուկրաինային 2026 և 2027 թվականներին մոտավորապես 140 միլիարդ եվրոյի չափով փոխհատուցման վարկեր տրամադրելու հնարավորությունը: Այդ վարկի համար որպես գրավ նախատեսվում է օգտագործել Ռուսաստանի Կենտրոնական բանկի՝ Եվրոպայում սառեցված պահուստները: