Եվրահանձնաժողովի (ԵՀ) նոր ծրագիրը, որն ուղղված է ԵՄ-ում կրիտիկական հումքի մատակարարումների ամրապնդմանը, ենթադրում է Եվրոպան հազվագյուտ հողային տարրերով և այլ կարևոր նյութերով ապահովում, որն իրականացվելու է ճապոնական մոդելով։ Այս մասին հայտնել է Euractiv պորտալը։

Նշվում է, որ այն ծրագիրը, որը դեկտեմբերի 3-ին կներկայացնի եվրահանձնակատար Ստեֆան Սեժուրնեն, Բրյուսելում անվանում են «Ճապոնիայից ներշնչված»։ Պորտալի տեղեկություններով՝ Սեժուրնեն հայտնել է, որ ԵՀ-ի նոր ծրագիրը կներառի կարևոր հումքի պահեստային ֆոնդի և համատեղ գնումների համակարգի ստեղծում՝ Ճապոնիայի օրինակով, որտեղ արդեն կիրառվում են հանածոներով ապահովման այս մեթոդները։

Պորտալը հիշեցնում է, որ բնական ռեսուրսներով աղքատ Ճապոնիայի իշխանությունները դեռևս 2010 թվականին որոշել են նվազեցնել Չինաստանից հումքի մատակարարման ոլորտում ունեցած կախվածությունը։ Այս նախաձեռնության իրականացումն ապահովում է Էներգետիկ անվտանգության և մետաղների մատակարարման ճապոնական կազմակերպությունը (JOGMEC)։ Այն գնում է կրիտիկական հումք և ստեղծում դրա պաշարը։ Պաշարի գտնվելու մասին տեղեկատվությունը պետական գաղտնիք է։ Ընկերությունները կարող են մուտք ունենալ պաշարներ միայն սեփական հումքի սպառումից հետո։ Անհրաժեշտության դեպքում իշխանությունները կարող են որոշում կայացնել պահվող հումքի վաճառքի մասին։ Բացի այդ, կազմակերպությունը ֆինանսավորում է ոչ միայն հումքի վերամշակումը Ճապոնիայի ներսում, այլև ներդրումներ է կատարում օգտակար հանածոների նոր հանքավայրերի հետախուզման մեջ ամբողջ աշխարհում, ինչպես նաև աջակցում է արտերկրի ճապոնական ընկերություններին։

Ըստ պորտալի գնահատականի, Եվրոպայում կան մի քանի գործոններ, որոնք խոչընդոտում են նմանատիպ համակարգի ստեղծմանը։ Հստակ երաշխիքներ չկան, որ մի ԵՄ երկրի անհրաժեշտ հումքը ապահով կպահվի մյուսում։ Բացի այդ, ԵՄ անդամները բավարար թվով մարդիկ չունեն, որպեսզի նրանց ուղարկեն մոլորակի այլ հատվածներում հանքավայրերի հետախուզման։ Ճապոնական մոդելից առաջացա ֆինանսական խնդիրները նույնպես կարող են դժվարացնել ռեսուրսներով ապահովման համակարգի ստեղծումը։

Պորտալը նշում է, որ եվրոպացի քաղաքական գործիչների ցանկությունը՝ մշակել ԵՄ-ին կարևորագույն նյութեր մատակարարելու նոր ծրագիր, առաջացել է համաշխարհային առևտրային խնդիրների ֆոնին: ԵՄ-ի իրավիճակը սրվում է ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված բարձր ներմուծման մաքսատուրքերի, այնպես էլ Չինաստանի կողմից եվրոպական արդյունաբերության համար անհրաժեշտ հազվագյուտ հողային տարրերի մատակարարման սահմանափակումների պատճառով: Եվրոպական հանձնաժողովի տվյալներով՝  Եվրամիությունը մինչ օրս մշտական մագնիսների համար նախատեսված հազվագյուտ հողերի 100%-ը և մագնեզիումի 97%-ը ներմուծում է Չինաստանից