Լեհաստանը փախստական ՌԴ քաղաքացուն մեղադրում է լրտեսության և քարոզչության կազմակերպման մեջ, Ռուսաստանի հետախուզությանն առնչվող վերջին գործի շրջանակում երեքշաբթի հայտարարել է Ազգային դատախազությունը։
Ըստ Ֆրանսպրես գործակալության՝ 28-ամյա կասկածյալը մեղադրվում է նրանում, որ «ռուսական հետախուզության առաջադրանքով ղեկավարել է լրտեսությամբ և դիվերսիայով զբաղվող կազմակերպված հանցավոր խումբը (...)»։
Լեհաստանը Ռուսաստանի և նրա մերձավոր դաշնակից Բելառուսի դեմ մի շարք մեղադրանքներ է առաջադրել դիվերսիայի և «հիբրիդային պատերազմի» առնչությամբ։ Անցյալ շաբաթ լեհ դատախազները մեղադրանք են առաջադրել երկու ուկրաինացու և երեք բելառուսցու՝ օտարերկրյա հետախուզության համար աշխատելու համար։
Նոյեմբերի սկզբին Մոսկվայի և Ուկրաինայի մերձավոր դաշնակից Վարշավայի միջև լարվածությունը գագաթնակետին հասավ լեհական երկաթուղիներում տեղի ունեցած երկու միջադեպերից հետո, որոնք վարչապետ Դոնալդ Տուսկը «պետական ահաբեկչություն» է որակել։
Այդ միջադեպից հետո Լեհաստանը փակել է իր վերջին ռուսական հյուպատոսությունը, ինչը Մոսկվայի կողմից պատասխան գործողությունների պատճառ է դարձել։
Լեհաստանի հետախուզական ծառայությունը հոկտեմբերին հաղորդել է, որ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր Լեհաստանում Մոսկվայի առաջադրանքով գործելու մեջ կասկածվող հիսունհինգ անձ է ձերբակալվել։





























