Ուկրաինայի անվտանգության ծառայությունն առաջին անգամ խոստովանել է, որ կազմակերպել է նոյեմբերի 28-ին Սև ծովում ռուսական նավթը տեղափոխելու համար Նովոռոսիյսկ մեկնող երկու պատժամիջոցների տակ գտնվող լցանավերի վրա հարձակումները։ Իրականում, միջազգային ջրերում պատերազմը մոլեգնում է ամիսներ շարունակ, պարզել է The Wall Street Journal-ը։ Եվ ռազմական փորձագետների կարծիքով՝ երկրորդ էներգետիկ ճակատը (ի լրումն ռուսական նավթավերամշակման գործարանների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների) կընդլայնվի։
Նոյեմբերի 28-ի հարձակումներից բացի, 2024 թվականի դեկտեմբերի 23-ին պայթյուններ են տեղի ունեցել Ռուսաստանին առնչվող առնվազն յոթ նավերի վրա, որոնք, ըստ ծովային հետախուզության և բաց տվյալների մասնագիտացված անվտանգության փորձագետների և վերլուծաբանների, կրում են ուկրաինական գործողությունների հետքը հաշվարկել է The Wall Street Journal-ը։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը ակնհայտորեն սպառնալիք է դարձել Սև ծովում նավարկության անվտանգության համար»,- երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Եվ ոչ միայն Սև ծովում։ Բալթիկ ծովում տեղի է ունեցել երկու միջադեպ, ներառյալ՝ հուլիսին Ուստ-Լուգա նավահանգստում ամոնիակ տեղափոխող Eco Wizard լցանավի պայթյունները։ Եվս երկուսը տեղի են ունեցել Լիբիայի ափերի մոտ (Ռուսաստանը շահագործում է երկրի մի մասը վերահսկող գեներալ Խալիֆա Հաֆթարի հետ կապերը՝ նավթամթերք Եվրոպա մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար)։ Ուկրաինայի ռազմական հետախուզությունն առանց մեկնաբանության հունիսին իր կայքում հայտնել է մեկ միլիոն բարել նավթ տեղափոխող Vilamoura լցանավի պայթյունի մասին։ Եվս երեք միջադեպ տեղի է ունեցել Միջերկրական ծովի տարբեր մասերում (Իսպանիայի և Ալժիրի միջև, ինչպես նաև Իտալիայի և Թուրքիայի ափերի մոտ)։
«Դա Ուկրաինայի լավագույն ռազմավարությունն է. այն կարող է հարվածել տնտեսությանը՝ Ռուսաստանին [խաղաղության] բանակցություններում ճնշելու համար»,- Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է Օքսֆորդի համալսարանի էներգետիկայի դասախոս և Լոնդոնի Gazprom Marketing & Trading-ի նախկին գլոբալ տնօրեն Ադի Իմսիրովիչը:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաստատել է, որ նոյեմբերի 28-ի գործողությունները համատեղ իրականացրել են իր ռազմական հակահետախուզության 13-րդ գլխավոր վարչությունն ու Ուկրաինայի ռազմածովային ուժերը, և հրապարակել է Kairos և Virat լցանավերի վրա հարձակումների անօդաչու թռչող սարքի կադրերը։ Դա «լուրջ հարված հասցրեց ռուսական նավթի փոխադրմանը», լցանավերը «լուրջ վնասներ» կրեցին և «փաստացիորեն շարքից դուրս եկան»,- Financial Times-ին ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչը։
Ավելին, նոյեմբերի 29-ին Սենեգալի ափերի մոտ չորս պայթյուն տեղի ունեցավ ռուսական նավթամթերք տեղափոխող Mersin լցանավի վրա։ Mersin-ը պատժամիջոցների տակ չէ, բայց 2023 թվականի վերջից այն հաճախակի կանգ է առել ռուսական նավահանգիստներում, իսկ 2025 թվականի մարտից ի վեր տեղափոխել է բացառապես ռուսական բեռներ։ Այն միաժամանակ բազմիցս մանիպուլյացրել է իր տրանսպոնդերի տվյալները՝ թաքցնելու համար իր իրական գտնվելու վայրը, Financial Times-ին ասել է Կիևի տնտեսագիտության դպրոցի նավթային պատժամիջոցների փորձագետ Բենջամին Հիլգենստոկը։
Իսկ դեկտեմբերի 2-ին Թուրքիայի ափերի մոտ հարձակում է տեղի ունեցել արևածաղկի ձեթով բեռնված Midvolga 2 լցանավի վրա։ Անձնակազմը չի տուժել և օգնություն չի խնդրել։ Ուկրաինան հերքել է միջադեպին իր մասնակցությունը։
Վերջին հարձակումները սկսել են ազդել ռուսական նավթային փոխադրումների վրա։ Թուրքական ընկերությանը պատկանող Mersin-ը հայտարարել է, որ այլևս չի իրականացնի ռուսական շահերին վերաբերող նավարկություններ՝ վկայակոչելով նավերի և անձնակազմի համար ռիսկերի կտրուկ աճը։ Բացի դրանից, Ռուսաստանի Սևծովյան նավահանգիստներ մեկնող նավերի համար յոթօրյա պատերազմի ռիսկի ապահովագրությունը բարձրացել է մինչև նավի արժեքի 0,65-0,8%-ը, նախօրեին Reuters-ին հայտնել են նավագնացության և ապահովագրության ոլորտի աղբյուրները: Նախորդ շաբաթ այդ ցուցանիշը կազմել է 0,6%:
Նոյեմբերի 28-ին ռազմածովային անօդաչու թռչող սարքերով հարձակման ենթարկված ստվերային նավատորմի լցանավերը դատարկ էին նավարկում: Դրանց վրա հարձակումը վկայում է «ուկրաինական հեռահար հարվածների միտումնավոր ընդլայնման մասին՝ ռուսական ֆիքսված էներգետիկ ենթակառուցվածքներից մինչև նավթի արտահանման համակարգի շարժական տարրեր», ինչպես նաև օգնում է մեղմել շրջակա միջավայրի և քաղաքական ռիսկերը, ասում է պատերազմի մոնիթորինգով զբաղվող լեհական Rochan Consulting ընկերության տնօրեն Կոնրադ Մուզիկայի:
Օգոստոսից ի վեր Ուկրաինան զգալիորեն ավելացրել է ռուսական էներգետիկ օբյեկտների վրա հարվածները: Նոյեմբերին այն օրական միջինում 180 անօդաչու թռչող սարք է ուղարկել Ռուսաստանի տարածք, Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի տվյալների հիման վրա հաշվարկել է Financial Times-ը: Դրանցից շատերը հարձակվել են նավթավերամշակման գործարանների և նավթային տերմինալների վրա:





























