«Կոստա Կոնկորդիա» խորտակված զբոսանավի նավապետի ընկերուհին` մոլդովացի Դոմնիկա Չեմորտանը իտալացի քննիչներին ցուցմունք է տվել: Գրոսետո քաղաքում փետրվարի 1-ին նրա հարցաքննությունը տեւել է հինգ ժամ:
Աղջիկը պատմել է, որ իրոք գտնվել է նավի վրա, ընդ որում` օրինական, քանի որ տոմս է ունեցել: Հիշեցնենք, ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հաղորդել են, որ նա նշված չէր ուղեւորների ցուցակում, բայց նման բան, ինչպես վստահեցնում է Չեմորտանը, լինում է այն դեպքում, երբ տոմսը ձեռք է բերվում վերջին պահին:
Իր ցուցմունքներում Չեմորտանը պնդում է, որ Ֆրանչեսկո Սկետինոն անմեղ է:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Կոստա Կոնկորդիայի» վրա զոհվածների որոնողական աշխատանքների ընթացքում նավապետի խցիկում կանացի հագուստի տարրեր են հայտնաբերել: Ենթադրվում էր, որ հագուստը պատկանում էր հենց Չեմորտանին: Քննիչների հետ զրույցի ժամանակ նա խոստովանել էր, որ եղել է նրա սիրուհին:
Այն մասին, որ նավապետի հետ տեսել են երիտասարդ շիկահերի, լրատվամիջոցներին պատմել են «Կոստա Կոնկորդիա» նավի ուղեւորներն ու անձնակազմի անդամները:
Այդ տվյալներն ստանալուց հետո Գրոսետի դատախազությունը փնտրել էր նրան: The Times-ի տվյալներով` Չեմորտանը չի սպասել դատարանի հրավերին եւ ինքն է ներկայացել քննիչներին, գրում է Lenta.ru-ն:




























