Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Օրինագծերի ընդունման դեպքում ակնկալվում է վերաքննիչ բողոքների գրավոր ընթացակարգով քննության միջոցով թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը, ապահովել գործերի քննության ողջամիտ՝ առավել կարճ ժամկետներ, վճռաբեկ բողոքները վերադարձնելու հարցը դատական կազմի մեկ դատավորի կազմով լուծելով նպաստել կոլեգիալության նպատակների ճիշտ երաշխավորմանը։

Միաժամանակ, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում հնարավոր կլինի թեթևացնել վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը՝ փոքր արժեք ունեցող գործերով բողոքարկումների համար բողոքարկման սահմանափակման նախատեսման միջոցով։ Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է Վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննիչ բողոքների քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով։ Ամրագրելով վերաքննիչ բողոքների քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած՝ միաժամանակ, սահմանվում են որոշ բացառություններ։

Մասնավորապես,նախագծով սահմանվում է, որ եթե կողմի միջնորդությամբ մինչև վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո 1-ամսյա ժամկետում, իսկ դատարանի սեփական նախաձեռնությամբ բողոքի քննության ցանկացած փուլում՝ դատարանը գա եզրահանգման, որ վերաքննիչ բողոքի քննության արդյունավետության նպատակով այն անհրաժեշտ է իրականացնել դատական նիստում, ապա որոշում է կայացնում վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում անցկացնելու մասին, ծանուցելով այդ մասին դատավարության մասնակիցներին։