Հայ-թուրքական մերձեցման գործընթացը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը սկսեց իրեն մեկուսացված զգալ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Այդ մասին գրում է BBC-ի մեկնաբան Թոմ Էսսլմոնթը: Հենց դրա հետ է նա կապում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալեւի ռազմատենչ հայտարարությունները, որը մյունխենյան հանդիպումից առաջ հասկացնել տվեց, թե չի բացառում նոր պատերազմի վերսկսումը բանակցային գործընթացի ձախողման դեպքում, որը նա խնդրի կարգավորման վերջին հույս անվանեց:
Ինչ վերաբերում է Մյունխենի հանդիպման արդյունքներին, BBC-ն, վկայակոչելով ֆրանսիացի միջնորդ Բեռնար Ֆասիեին, հաղորդում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները զգալի առաջընթացի են հասել: Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը որեւէ մեկնաբանություն չեն արել: Սակայան Ֆասիեն նշել է առաջընթացի մասին՝ խոսելով «որոշակի դժվարությունների» առկայության մասին: Նրա խոսքով, թե՛ ինքը, թե՛ մյուս միջնորդները այժմ պետք է պատրաստվեն նոր հանդիպման, սակայն չի հստակեցրել՝ որտե՞ղ եւ ե՞րբ այն կկայանա: «Բանավեճը բերեց նրան, որ նախագահներն ու մենք արծարծեցինք խնդիրները, որոնք առ այսօր լուծման կարիք են զգում,- նշել է նա.- Սակայն կարեւոր է, որ մենք հրահանգներ ստացանք դրանց լուծման համար»:
Բանակցություններում մյուս միջնորդը՝ ամերիկացի Ռոբերտ Բրադկեն, ընդգծել է, որ տպավորված է, թե ինչ հզոր կամք է ցուցաբերվել կարգավորման ուղիների փնտրման գործում: «Ես կարծում եմ, թե այսօր կարեւոր էր, որ երկու նախագահներն էլ աշխատեցին մեզ հետ: Կար նրանց ցանկությունը բավականին բարդ եւ հակասական դրույթները քննարկելու, եւ ես համեմատաբար նոր մարդ լինելով այդ գործընթացում, կարծում եմ, որ դա ինձ ամենաշատն է տպավորել»:




























