Մեծ յոթնյակի երկրները և Եվրամիությունը քննարկում են ռուսական նավթի գների սահմանափակումից հրաժարվելը և այն փոխարինելը ծովային փոխադրման ծառայությունների լրիվ արգելքով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ նախաձեռնության հիմնական նպատակն է արևմտյան նավագնացության ընկերություններին, դրանց թվում՝ հունական, կիպրոսյան և մալթական ընկերություններին ամբողջությամբ հանել ռուսական արտահանման գործողություններին մասնակցելուց։
Ինչպես նշում է Reuters-ը, քննարկվող արգելքը կարող է ներառվել ԵՄ հաջորդ պատժամիջոցների փաթեթում, որը նախատեսվում է ներկայացնել 2026 թվականի սկզբին։ Բրյուսելը մտադիր է ապահովել Մեծ յոթնյակի բոլոր երկրների աջակցությունը, նախքան նախաձեռնությունը ԵՄ-ում քննարկման ներկայացնելը։
Բրիտանական և ամերիկյան ներկայացուցիչներն այս գաղափարը առաջ են մղում Մեծ յոթնյակի շրջանակի տեխնիկական հանդիպումներում։ Սակայն Վաշինգտոնի վերջնական մոտեցումը կախված կլինի Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումներից և Ուկրաինայի հակամարտության կարգավորման քննարկումների առաջընթացից, որոնցում Միացյալ Նահանգները միջնորդի դեր է խաղում։
Ինչպես հիշեցնում է РБК-ն, մեկ բարելի համար 60 դոլար ներկայիս գնի առաստաղը G7 երկրները և ԵՄ-ն սահմանել են 2022 թվականի վերջին: Դրա գործարկումից ի վեր քննարկվել են մեխանիզմի ճշգրտման տարբերակներ՝ սկսած սահմանաչափի իջեցումից մինչև դրա մակարդակի պարբերաբար վերանայում։
Մոսկվան այդ սահմանափակումները անօրինական է համարում և ներդրել է իր պատասխան միջոցները, ներառյալ՝ նավթի և նավթամթերքի արտահանման արգելքը Արևմուտքի սահմանած գնի առաստաղին համապատասխանող պայմաններ պարունակող պայմանագրերով:





























