Ինչ վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, «միջանցք» տերմինը Հայաստանի համար անընդունելի է․ մենք կողմնակից ենք TRIPP տերմինին, Դոհայում 23-րդ համաժողովի շրջանակում տեղի ունեցող պանելային բանավեճում հայտնել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Որովհետեւ Վաշինգտոնի գագաթաժողովում Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարները ստորագրել են փաստաթուղթ, որում ճանապարհի ապաշրջափակումը կոչվում է «TRIPP», «Թրամփի ճանապարհ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման»։ Եվ մենք կողմնակից ենք այդ տերմինին։ Եվ մենք վստահ ենք, որ TRIPP-ը շատ օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլեւ բիզնեսին, տարածաշրջանի սահմաններից դուրս գտնվող երկրներին, որովհետեւ դա սերտ փոխգործակցություն է, հզոր տնտեսական ազդակներ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ մեր տարածաշրջանի սահմաններից դուրս գտնվող երկրների համար»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ ընդհանուր առմամբ, խաղաղության կառուցման գործընթացը շարունակվում է։

Այս առնչությամբ նա վստահություն է հայտնել, որ «վստահությունը, որը մենք փորձում ենք ստեղծել եւ ամրապնդել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կառավարական մակարդակով եւ հասարակության մակարդակով, առաջ է շարժվում»։

«1.5 ուղղությունը գործընթաց է, որին մասնակցում է նաեւ քաղաքացիական հասարակությունը։ Վերջերս Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները այցելել են Երեւան, եւ միեւնույն ժամանակ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն են այցելել Բաքու։ Մենք հուսով ենք, որ կշարունակենք այդ փոխգործակցությունը՝ նաեւ վստահություն ստեղծելով հասարակության մակարդակով, որովհետեւ, այո, կառավարությունը կարող է  որոշում ընդունել, բայց եւ շատ կարեւոր է ներգրավել հասարակությանը։

Եվ մենք տեսնում ենք, որ կան ազդանշաններ այն մասին, որ հասարակությունը եւս պատրաստ է։ Խոսելով Հայաստանի անունից՝ ես կարող եմ ասել, որ հայ հասարակությունը պատրաստ է։ Նրանք խաղաղություն են ուզում, նրանք վճռականորեն աջակցում են խաղաղ գործընթացին, խաղաղության ինստիտուցիոնալացմանը։ Եվ մենք ինտենսիվորեն աշխատում ենք այս ուղղությամբ»,- ասել է նա։