Ուկրաինայի քաղաքացիներ Եվգենի Իվանովը և Ալեքսանդր Կոնոնովը, որոնք ահաբեկչություններից հետո փախել են Լեհաստանից, հետախուզվում են երկրի ներսում, նրանց նկատմամբ տրվել են ձերբակալման եվրոպական օրդերներ, հայտնում է RMF 24-ը։
«Կարմիր» ծանուցումները թույլ կտան նրանց պատասխանատվության ենթարկել ամբողջ աշխարհում։
Այժմ Ինտերպոլը պետք է վերլուծի ներկայացված փաստաթղթերը։
Ազգային ոստիկանության գլխավոր վարչության ներկայացուցիչ Կատաժինա Նովակը, որը դատախազի պահանջով հարցումներ է ուղարկել փախուստի դիմածների վերաբերյալ, RMF FM-ին հայտնել է, որ կազմակերպությունը չունի կոնկրետ ժամկետներ՝ այդ մարդկանց առաջնահերթ հետախուզման մեջ գտնվողների ցուցակում ներառելու որոշում կայացնելու համար։
«Ինտերպոլը կքննարկի այդ հարցումները, այդ անձանց առաջադրված մեղադրանքները և «կարմիր ծանուցման» շրջանակում նրանց հետապնդման անհրաժեշտության հիմնավորումը։ Կազմակերպությունը ժամանակ ունի որոշելու՝ արդյոք այդ ընթացակարգը կիրականացվի»,- նշել է նա։
Ավելի վաղ Լեհաստանի իշխանությունները հայտնել էին, որ Վարշավայում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարը չորեքշաբթի նոտա է ստացել՝ Ռուսաստանի օգտին դիվերսիայի մեջ կասկածվող Ուկրաինայի երկու քաղաքացիներին արտահանձնելու պահանջով։
Նոյեմբերի 16-ին Վարշավա-Լյուբլին երկաթուղային գծի վրա հայտնաբերվել էին գծերի պայթեցման հետքեր և սարքավորում, որը կարող էր գնացքի՝ ռելսերից դուրս գալու պատճառ դառնալ։ Վնասված գիծն ապահովում է նաև բեռների մատակարարումը Ուկրաինա։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ պարզվել է Լեհաստանում երկաթուղային գծերի պայթեցմանն առնչություն ունեցող երկու անձանց ինքնությունը. դրանք Ուկրաինայի քաղաքացիներ են, որոնք «տևական ժամանակ համագործակցում են ռուսաստանյան հետախուզության հետ»։